«Խրախուսում ենք ուսանողի ինքնուրույն աշխատանքը». ամբիոնն ուսանողինն է

Դիտումների քանակ՝ 1226

Ուսումնական գործընթացում ուսանողական առավելագույն ներգրավվածություն ապահովելու նպատակով մեր դասախոսները մոտիվացնող տարբեր միջոցառումներ են կազմակերպում: Իրավագիտության և քաղաքագիտության ամբիոնի դոցենտ, ի.գ.թ. Գեղեցիկ Գրիգորյանի համոզմամբ՝ ուսանողակենտրոն համակարգ ձևավորելու գործում կարևոր է ուսանողի ինքնուրույն աշխատանքը, նրա մեջ պրպտելու, տարբեր աղբյուրներ ուսումնասիրելու, տեղեկատվություն որոնելու հմտություն զարգացնելը: Հիշյալ դասախոսի հանձնարարությամբ այսօր հաշվապահական հաշվառման և աուդիտի ֆակուլտետի 3-րդ կուրսում «Բիզնես իրավունք» առարկայի դասը վարեց ուսանողուհի Վանեսա Ավոյանը: Նա «Ապահովագրություն» թեմայով զեկուցում էր պատրաստել և համակուրսեցիների համար լուսաբանեց ապահովագրական համակարգի իրավական և տնտեսագիտական ասպեկտները: Բաց դասին ներկա էր հաշվապահական հաշվառման և աուդիտի ֆակուլտետի դեկան Մերի Բադալյանը:

Վանեսան, ինչպես asue.am-ի հետ զրուցում ասաց Գեղեցիկ Գրիգորյանը, գերազանցիկ ուսանողուհի է: Նա դասը վարեց ինտերակտիվ մեթոդով, իր ընկերներից հետաքրքրվելով՝ որ ապահովագրական ընկերություններին են վստահում, ապահովագրության ինչ տեսակներ գիտեն և որոնցից են օգտվում...Նա համակողմանի ուսումնասիրել էր ապահովագրական համակարգը և օգտակար տեղեկատվություն հաղորդեց համակուրսեցիներին:

Դասի ավարտին Մերի Բադալյանը շնորհակալություն հայտնեց կազմակերպիչ դասախոսին և բանախոս ուսանողուհուն հետաքրքիր տեղեկատվական հանդիպման համար:

ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին