ՀՊՏՀ ուսանողը՝ միջազգային դասընթացի մասնակից

05.01.2023
Դիտումների քանակ՝ 1210

Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի և գերմանական «Կոպեռնիկուս Բեռլին» ասոցիացիայի միջև համագործակցության շրջանակում ՀՊՏՀ հաշվապահական հաշվառման և աուդիտի ֆակուլտետի 1-ին կուրսի ուսանող Էդիկ Խաչիկյանը բացառիկ հնարավորություն է ունեցել մասնակցելու դեկտեմբերի 10-ից 18-ը Բեռլինում (Գերմանիա) կայացած «Երիտասարդների դերը COVID համաճարակի հետևանքով առաջացած հոգեկան առողջության մարտահրավերներին դիմակայելու հարցում» (Youth against Mental Health Challenges During COVID Pandemic) խորագրով միջազգային դասընթացին։

Ծրագրի հիմնական նպատակը տարբեր երկրներից ժամանած երիտասարդներին նոր գիտելիքով ու հմտություններով զինելն էր, հոգեկան և ֆիզիկական առողջության խնդիրների մասին բարձրաձայնելն ու լուծման ուղիներ որոնելը։

«Ծրագիրը բավականին հագեցած էր, սեմինարների ընթացքում առաջ քաշած թեմաները՝ հետաքրքիր ու բազմաբովանդակ։ Մենք սովորեցինք կարևորել հոգեկան և ֆիզիկական առողջության դերը մեր, մեր կողքին ապրող մարդկանց կյանքում։ Սա նաև հրաշալի հնարավորություն էր՝ զարգացնելու փափուկ հմտությունները, կառավարելու կարողությունը»,- մեզ հետ զրույցում ասաց Էդիկ Խաչիկյանը։

Բազմաթիվ ծանոթություններն ու նոր ընկերները Էդիկի համար բեռլինյան ուղևորության մեծագույն ձեռքբերումն են։ Ծրագրի շնորհիվ երիտասարդն ակտիվ շփումներ է հաստատել մի շարք երկրներից ժամանած պատվիրակների հետ, միջմշակութային երեկոներին ծանոթացել նրանց ազգային ավանդույթներին, ուտեստներին, երգ ու պարին։

Հայաստանը ներկայացնող մյուս պատվիրակի՝ Վ․ Բրյուսովի անվան պետական համալսարանի ուսանողուհու հետ Էդիկը օտարերկրացիներին ներկայացրել է հայկական գինին, աղանդերի տեսակները, պատմել մեր հինավուրց երկրի, ժողովրդական բարքերի, կենցաղավարության ու մշակույթի մասին։