Դեկտեմբերի 7-ը Հայաստանի Հանրապետությունում Երկրաշարժի զոհերի հիշատակի և աղետներին դիմակայունության օրն է

07.12.2022
Դիտումների քանակ՝ 1011

34 տարի առաջ այս օրը, տեղական ժամանակով 11:41-ին տեղի ունեցավ Սպիտակի ավերիչ երկրաշարժը՝ էպիկենտրոնում 9-10 բալ ուժգնությամբ: Արհավիրքն ընդգրկեց երկրի տարածքի ավելի քան 40%-ը` Շիրակի, Լոռու, Արագածոտնի ու Տավուշի մարզերը, զոհվեց 25 հազար մարդ, ավելի քան 500 հազարը մնաց անօթևան։

Սպիտակի երկրաշարժը ցնցեց աշխարհը․ Հայաստանին օգնության ձեռք մեկնեցին 113 երկրների կառավարություններ, կազմակերպություններ և անհատներ, ինչպես նաև բազմաթիվ միջազգային կառույցներ:

Թեև ավելի քան 3 տասնամյակ անց էլ երկրաշարժի հետևանքները լիովին չեն վերացվել, սակայն մեր ժողովրդի ապրելու կամքը, ստեղծելու, արարելու անկոտրում ոգին, վստահ ենք, կօգնեն հաղթահարել առկա դժվարությունները և դուրս գալ զարգացման և բարենորոգ կյանքի մի նոր՝ հուսալի հանգրվան։

Ամեն տարի այս օրը համայն հայությունը ոգեկոչում է ավերիչ երկրաշարժի զոհերի հիշատակը, վերապրում և ցանկանում, որ երբեք չլինեն կործանարար աղետներ և մշտապես բարձր լինի հայ ժողովրդի դիմակայունության ոգին։