Քննարկում՝ ՀՊՏՀ 28-րդ գիտաժողովին ընդառաջ

Դիտումների քանակ՝ 1538

ՀՊՏՀ նիստերի սրահում այսօր կայացավ ՀՊՏՀ 28-րդ գիտաժողովի կազմակերպական աշխատանքներին նվիրված նիստ: Գիտաժողովի ծրագրային, կազմակերպական կոմիտեների և խմբագրական խորհրդի անդամներին հանդիպեցին ՀՊՏՀ ռեկտոր, պրոֆեսոր Կորյուն Աթոյանը, գիտության և արտաքին կապերի գծով պրոռեկտոր, պրոֆեսոր Գագիկ Վարդանյանը, գիտության և ասպիրանտուրայի բաժնի աշխատակիցները՝ ղեկավար Խորեն Մխիթարյանի գլխավորությամբ:
Հիշեցնենք, որ 2018թ. նոյեմբերի 26-30-ը կկայանա «Ապագայի տնտեսության տեսլական. խնդիրներ և հեռանկարներ» խորագրով Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի 28-րդ գիտաժողովը` նվիրված Հայաստանի առաջին հանրապետության և մայիսյան հերոսամարտերի 100- ամյակին: Հայտարարության մանրամասները ներկայացված են ՀՊՏՀ պաշտոնական կայքի «Գիտություն» խորագրի ներքո:
ՀՊՏՀ ռեկտոր Կորյուն Աթոյանը ամբիոնների վարիչներին, գիտաուսումնական լաբորատորիաների ղեկավարներին, «Ամբերդ» հետազոտական կենտրոնի տնօրենին հորդորեց ակտիվ մասնակցություն ցուցաբերել գիտաժողովին, քննարկել առանցքային ելույթները, հետևողական լինել, որ ներկայացվելիք զեկուցումները լինեն որակյալ, դրանցում հնչի մասնագիտական ծանրակշիռ խոսք, կլոր սեղանները և բաժանմունքները ևս կազմակերպվեն բարձր մակարդակով:
Գիտության և արտաքին կապերի գծով պրոռեկտոր Գագիկ Վարդանյանը, միանալով ռեկտորի հորդորներին, ուշադրություն հրավիրեց նաև այն հանգամանքին, որ այս տարվա գիտաժողովը նվիրված է Հայաստանի առաջին հանրապետության և մայիսյան հերոսամարտերի 100- ամյակին, ուստի ակնկալվում է փիլիսոփայության և հայոց պատմության ամբիոնի հատուկ մասնակցությունը: Առանցքային զեկուցումները, լիագումար նիստում, ինչպես նաև բաժանմունքներում ու կլոր սեղաններում ներկայացվելիք աշխատանքները, պրոռեկտորի խոսքով, պետք է արծարծեն մասնագիտական խնդիրներ, առաջ բերեն և ձևավորեն փորձագիտական քննարկումներ: Պրոռեկտորը նշեց, որ քննարկվում է նաև խրախուսման մեխանիզմների ներդրման հարցը:
Գիտաժողովի կազմակերպական հարցերի շուրջ առաջարկներ հնչեցրին ՄՏՀ ամբիոնի վարիչ Դիանա Գալոյանը, հաշվապահական հաշվառման և աուդիտի դեկանի ժ/պ Մերի Բադալյանը, մակրոէկոնոմիկայի ամբիոնի վարիչ Կարեն Գրիգորյանը, լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Գոհար Գևորգյանը, կառավարման ամբիոնի ասիստենտ Տիգրան Մնացականյանը: Որոշ հարցերի շուրջ պարզաբանումներ ներկայացրեց գիտության և ասպիրանտուրայի բաժնի պետ Խորեն Մխիթարյանը:
Հիշեցնենք, որ հոդվածների ներկայացման վերջնաժամկետը 2018 թվականի հոկտեմբերի 1-ն է:

ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին