Անկախության օրվան նվիրված միջոցառումներ. «Հայաստան ջան»-ում առաջին կուրսեցիներն էին
«Ճանաչել ու սիրել հայրենիքը, իմանալ հայոց պատմությունը». այս հավատամքով այսօր ՀՊՏՀ ուսանողները համալսարանի դահլիճում մասնակիցը եղան Հայաստանի անկախության 27-րդ տարեդարձին նվիրված «Հայաստան ջան» ինտելեկտուալ խաղ-մրցույթին: Միջոցառումը նախաձեռնել էր կառավարման ֆակուլտետի ուսանողական խորհուրդը՝ ասպարեզ բերելով առաջին կուրսեցիներին. մրցում էին ՀՊՏՀ 6 ֆակուլտետների նորաթուխ ուսանողները՝ 2 թիմով («Նարնջագույն», «Կարմիր»): Վիճակահանությամբ որոշվեցին թիմերի կազմերը, այնուհետև պայքարն սկսվեց:
Հինգ փուլից բաղկացած խաղի ընթացքում հնչեցին բացառապես Հայաստանի ու հայերի պատմությանը, մշակույթին, խոհանոցին ու արվեստին վերաբերող հարցեր:
Ինչպես խաղից կարելի է եզրակացնել, առաջին կուրսեցիները բավականին լավ գիտելիքներ ունեն: Երկու թիմերի միջև լարված մրցակցություն էր: Հաղթեց «Նարնջագույն» թիմը:
Խաղ-մրցույթն անցավ ջերմ մթնոլորտում, հայրենասիրական երգերի ներքո:
Այս միջոցառմամբ տրվեց ՀՊՏՀ-ում Անկախության տոնին նվիրված միջոցառումների մեկնարկը:
ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին