Արդյունքների քննարկում, կարգերի հաստատում և քվեարկություն՝ գիտական խորհրդի հերթական նիստում

Դիտումների քանակ՝ 1702

Այսօր տեղի ունեցավ ՀՊՏՀ գիտական խորհրդի նիստը, որի առաջին հարցերը՝ 2017-2018 ուսումնական տարվա երկրորդ կիսամյակի քննաշրջանի և ավարտական աշխատանքների և մագիստրոսական թեզերի պաշտպանության արդյունքների մասին, զեկուցեց ուսումնամեթոդական աշխատանքների գծով պրոռեկտոր Պարույր Քալանթարյանը: Երկու հաղորդումներն էլ ընդունվեցին ի գիտություն, կատարված աշխատանքի մասին հաշվետվությունները գնահատվեցին բավարար:
ՀՊՏՀ մրցութային հանձնաժողովի նախագահ Արամ Սարգսյանը ներկայացրեց պրոֆեսորի և դոցենտի գիտական կոչումներ շնորհելու մասին հարցերը՝ հայտնելով, որ պրոֆեսորի գիտական կոչում ստանալու համար դիմել են կառավարչական հաշվառման ամբիոնի վարիչ, տ.գ.դ., դոցենտ Լիանա Գրիգորյանը, ֆինանսների ամբիոնի դոցենտ, տ.գ.դ. Սերգեյ Սուքիասյանը, իսկ դոցենտի գիտական կոչում շնորհելու համար դիմել է տնտեսական ինֆորմատիկայի և տեղեկատվական համակարգերի ամբիոնի ասիստենտ, տ.գ.թ. Արմեն Ղազարյանը, ապա մանրամասն ներկայացրեց նրանց գործերը: Փակ գաղտնի քվեարկության արդյունքում ձայների մեծամասնությամբ Լիանա Գրիգորյանը ստացավ պրոֆեսորի, Արմեն Ղազարյանը՝ դոցենտի գիտական կոչումներ, այնուհետև գիտխորհուրդը քվեարկությամբ հաստատեց արդյունքները և դրանք ԲՈԿ ներկայացնելու որոշումը:
Պրոռեկտոր Պարույր Քալանթարյանը ներկայացրեց նաև «Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի ուսումնական գործընթացի որակի ապահովման փորձագիտական խմբի գործունեության կանոնակարգը», որը մեկ լրացուցիչ առաջարկությամբ ընդունվեց: 2018-2019 ուսումնական տարվա ընդունելության արդյունքների մասին զեկուցելիս պրոռեկտորը հայտնեց, որ այս տարի մեր համալսարանի առկա բակալավրիատ է ընդունվել 411 դիմորդ, առկա մագիստրատուրա՝ 301, հեռակա բակալավրիատ՝ 105, հեռակա մագիստրատուրա՝ 243 դիմորդ: Պարույր Քալանթարյանի խոսքով՝ նախորդ տարվա համեմատ արձանագրվել է դիմորդների թվի նվազում: Հաղորդումն ընդունվեց ի գիտություն, ՀՊՏՀ ընդունող հանձնաժողովի աշխատանքը գնահատվեց բավարար: «Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանում «Էրազմուս+» ծրագրի շրջանակներում շարժունության իրականացման կարգը» ներկայացրեց գիտության և արտաքին կապերի գծով պրոռեկտոր Գագիկ Վարդանյանը, որը հաստատվեց: Պրոռեկտոր Գագիկ Վարդանյանը ներկայացրեց ատենախոսությունների թեմաներ և գիտական ղեկավարներ հաստատելու մասին մի շարք հարցեր, ապա ներկայացրեց ՀՊՏՀ բարձրագույն մաթեմատիկայի ամբիոնի պրոֆեսոր, ֆիզիկամաթեմատիկական գիտությունների դոկտոր Մաքսիմ Մուրադյանի «Բարձրագույն մաթեմատիկա տնտեսագետների համար (անալիտիկ երկրաչափություն, գծային հանրահաշիվ, մաթեմատիկական անալիզ)» դասագիրքը, նույն ամբիոնի դոցենտ, ֆիզիկամաթեմատիկական գիտությունների թեկնածու Վլադիմիր Դավթյանի «Հավանականությունների տեսություն (բուհերի տնտեսագիտական մասնագիտությունների համար)», փիլիսոփայության և հայոց պատմության ամբիոնի պրոֆեսոր, պատմական գիտությունների դոկտոր Արարատ Հակոբյանի «Հայոց պատմություն (հնագույն ժամանակներից մինչև մեր օրերը)», իրավագիտության և քաղաքագիտության ամբիոնի վարիչ, իրավաբանական գիտությունների թեկնածու, դոցենտ Լյուբա Մեհրաբյանի և ամբիոնի դոցենտ, իրավաբանական գիտությունների թեկնածու Գառնիկ Սուքիասյանի «Իրավագիտություն», լեզուների ամբիոնի դոցենտ, բանասիրական գիտությունների թեկնածու Սուսաննա Չալաբյանի և ամբիոնի դոցենտ, բանասիրական գիտությունների թեկնածու Արմինե Գրիգորյանի «Management» «Կառավարում» մասնագիտության ուսանողների համար (անգլերեն), կառավարման ամբիոնի դոցենտ, տնտեսագիտության թեկնածու Խորեն Մխիթարյանի «Բանկային և ֆինանսական մենեջմենթ» ուսումնական ձեռնարկները, տնտեսագիտության տեսության ամբիոնի վարիչ, տնտեսագիտության թեկնածու, դոցենտ Ֆիրուզա Մայիլյանի «Մարդկային կապիտալի իրացման հիմնախնդիրները ՀՀ-ում» մենագրությունը, աշխատանքի տնտեսագիտության ամբիոնի դոցենտ, տնտեսագիտության թեկնածու Նազենիկ Սամվելյանի «Աշխատանքի ցուցանիշների պլանավորում և վերլուծություն» խնդրագիրքը, Սամվել Ավետիսյանի և Վահագն Գրիգորյանի «Հայաստանի Հանրապետության բնակավայրերի գիտական տեղեկատուի» և տնտեսամաթեմատիկական մեթոդների ամբիոնի դոցենտ, տնտեսագիտության թեկնածու Ելենա Մանուկյանի և ամբիոնի դոցենտ, տնտեսագիտության թեկնածու Կարինե Հարությունյանի «Կարագի շուկայի վերլուծություն. միտումները Հայաստանում և համաշխարհային շուկայում» վերլուծական զեկույցը հրատարակության երաշխավորելու հարցերը, որոնք գիտխորհուրդը հաստատեց:
Գիտական խորհրդում հաստատված բոլոր կարգերը և որոշումներն առաջիկայում ամբողջությամբ կհրապարակվեն ՀՊՏՀ պաշտոնական կայքում:

ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին