ՀՊՏՀ-ում ներկայացվեց «Չոր նավահանգիստ» նախագիծը․ դասախոսեց Շառլ Մալասը

19.02.2024
Դիտումների քանակ՝ 672

Այսօր Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանում «Չոր նավահանգիստ․ ազատ տնտեսական գոտի» թեմայով դասախոսությամբ հանդես եկավ ՀՀ էկոնոմիկայի նախարարի խորհրդական Շառլ Մալասը։

ՀՊՏՀ ռեկտոր Դիանա Գալոյանը, ներկայացնելով հյուրին, շնորհակալություն հայտնեց որպես հրավիրյալ դասախոս մեր համալսարան այցելելու համար, ապա ուսանողներին հավաստիացրեց, որ ուշագրավ դասախոսություն է սպասում, որի վերաբերյալ կարող են հարցեր ուղղել բանախոսին։

Բանախոսը նշեց, որ ծրագրի նպատակն է ստեղծել արդյունաբերական պարկ՝ հարակից լոգիստիկ հանգույցով, լուծել Հայաստանի լոգիստիկ խնդիրները և խթանել տնտեսական աճը։

Նախատեսվում է Շիրակ օդանավակայանի մերձակայքում ստեղծել բազմաֆունկցիոնալ և մուլտիմոդալ հանգույց՝ ապահովելու օդային, ցամաքային և երկաթուղային անխափան փոխադրումներ: Ընդգծելով Հայաստանի կապերը տարածաշրջանային գործընկերների հետ և բարձրացնելով նրա դերը որպես տարանցիկ տրանսպորտային և արտահանմանն ուղղված արտադրական հանգույց՝ «Չոր նավահանգիստ» նախագիծն ինտեգրվելու է մեկ այլ լայնամասշտաբ նախագծի՝ «Խաղաղության խաչմերուկ»-ին։

«Չոր նավահանգստի» ստեղծումը նպատակ ունի դառնալու դինամիկ տրանսպորտային հանգույցի զարգացման կատալիզատոր, բազմապատկելու բեռնափոխադրումների ծավալն ու արագությունը՝ դրանով իսկ բարձրացնելով Հայաստանի տնտեսական մրցունակությունը։ Կանխատեսումները ցույց են տալիս, որ «Չոր նավահանգստի» իրականացումը կարող է էական նպաստ բերել ՀՀ տնտեսական աճին:

Հայաստանի կառավարությունը 37 միլիոն դոլար է հատկացրել այս ծրագրին: Ծրագրի իրականացման ժամկետը 5-7 տարի է:

Հ․Գ․ Շառլ Մալասը տեղեկացրեց, որ իր մայրը հայուհի է։ Ծնվել է Իրաքի Բաղդադ քաղաքում, կրթություն է ստացել Բրիտանիայում: Իրաքի Ում Քասր քաղաքում վերջերս կառուցված նավահանգիստը նրա ամենամեծ և հաջողված նախագիծն է։
Հանդիպման նկարները տե՛ս ՀՊՏՀ ֆեյսբուքյան էջում։