«Տնտեսագիտությունը» դպրոցում՝ նոր որակով և ձևաչափով․ ուսուցիչների վերապատրաստում ՀՊՏՀ-ում

17.11.2022
Դիտումների քանակ՝ 1129

«Տնտեսագիտություն» դասավանդող ուսուցիչների աշխատաժողով-վերապատրաստումը երեկ ՀՊՏՀ հյուրընկալ հարկի ներքո էր համախմբել հանրապետության ավագ դպրոցների երեք տասնյակ ուսուցիչների։

Ավագ դպրոցում տնտեսագիտության ուսուցման և ֆինանսական գրագիտության ամրապնդման ու զարգացման նպատակով ուսուցիչների վերապատրաստումների անհրաժեշտության մասին ՀՊՏՀ ռեկտոր Դիանա Գալոյանը բարձրաձայնել էր դեռևս ապրիլին՝ դպրոցների տնօրենների հետ հանդիպմանը, և նախանշվել էին վերապատրաստման ուղղությունները։

Աշխատաժողով-վերապատրաստումն արդեն իրողություն է․ «Տնտեսագիտություն», «Հասարակագիտություն» և «Ձեռնարկատիրություն» դասավանդող ուսուցիչներին ՀՊՏՀ-ում հնարավորություն ընձեռվեց տնտեսագիտության և ֆինանսների ոլորտներին վերաբերող դասախոսություններ ունկնդրելու, ինչպես նաև քննարկելու և մշակելու առարկաները նոր որակով ու ձևաչափով, ավելի մատչելի և դյուրամարս մատուցելու ուղիներ։

Ողջունելով ուսուցիչներին՝ ՀՊՏՀ ռեկտոր, տնտեսագիտության դոկտոր, պրոֆեսոր Դիանա Գալոյանը նշեց, որ խիստ կարևորում և արժևորում է երիտասարդ սերնդի կրթման գործում ուսուցիչների դերակատարումը․ «Փորձը ցույց է տալիս, որ այն երկրում է մեծանում խելացի, խոստումնաշատ սերունդ, որտեղ կայացած դպրոց կա ու լավ ուսուցիչ»։

Դիանա Գալոյանն ընդգծեց, որ ՀՊՏՀ-ն եղել և մնում է տնտեսագիտական կրթություն ապահովող միակ մասնագիտացված համալսարանը, որտեղ առկա են տնտեսագիտության բոլոր ուղղություններն ընդգրկող վեց հիմնական ֆակուտետներ և իրականացվում են 11 բակալավրական կրթական ծրագրեր։ Խոսելով բուհի ձեռքբերումների և զարգացման հեռանկարների մասին՝ ռեկտորը տեղեկացրեց, որ 3 տարի անընդմեջ ինչպես դիմորդների, այնպես էլ ընդունելության ցուցանիշով ՀՊՏՀ-ն հանրապետությունում բակալավրական ծրագրեր իրականացնող երկրորդ բուհն է։

«Վստահ ենք, որ մեր համագործակցությունն իր դրական արդյունքներն ունենալու է, և ձեր աշակերտները համակողմանիորեն ըմբռնելու են տնտեսագիտության ողջ էությունը և տնտեսագիտական համալսարանի ունեցած ու ստանձնած դերն այդ գործընթացում»,- ամփոփեց ռեկտորը։

Բուհ‒ավագ դպրոցներ համագործակցությանն անդրադարձավ ՀՊՏՀ շարունակական կրթության բաժնի պետ, տ․գ․թ․, մակրոէկոնոմիկայի ամբիոնի դոցենտ Աղավնի Հակոբյանը՝ արձանագրելով, որ համալսարանն իր գործունեությունն իրականացնում է մրցունակ մասնագետների պատրաստման, կրթական ծրագրերի բազմազանեցման և այլ ուղղություններով և մշտապես կարևորում է կրթության ոլորտի փոփոխությունները, նորագույն մարտահրավերները կանխատեսելու և դրանց արձագանքելու անհրաժեշտությունը։

«Դասավանդման արդի մեթոդները» թեմայով հանդես եկավ կառավարման և զարգացման խորհրդատու, սոցիալական ձեռնարկատիրության փորձագետ, ֆ․գ․թ․ Կարեն Սարգսյանը, ով սեփական նախաձեռնությամբ մի շարք մասնավոր դպրոցներում «Ձեռնարկատիրություն» է դասավանդել դեռևս 10 տարի առաջ։ Կարծում է՝ նման դասընթացները պետք է դարձնել ավանդույթ և ավելի շատ ուսուցիչների ներգրավել։ «Մենք ասում ենք՝ ուսուցի′չ, դու այնպես աշխատիր քո աշակերտի հետ, որ նա վաղը ոչ թե «Տնտեսագիտություն» առարկան սիրի և վերջ, այլ դառնա լավ բիզնեսմեն, կառավարիչ կամ տեսաբան»,- կարծում է Կարեն Սարգսյանը և նշում, որ դասավանդման նորագույն մեթոդների, ինտերակտիվ գործիքների կիրառման արդյունքում է հնարավոր մոտիվացնել աշակերտներին։

«Ֆինանսական գրագիտության արդի հիմնախնդիրները» թեմայի բանախոս, ՀՊՏՀ ֆինանսների ամբիոնի դոցենտ, տ․գ․թ․ Վանինե Երանոսյանի կարծիքով՝ «ֆինանսական գրագիտությունը» երբեմն բավական բարդ է մատուցվում դպրոցներում, և նոր գործիքների կիրառումը մոտիվացիայի բարձրացման կարևոր նախադրյալ է։

ՀՊՏՀ տնտեսագիտության տեսության ամբիոնի վարիչ, տ․գ․դ․, դոցենտ Ֆիրուզա Մայիլյանի համոզմամբ՝ ավագ դպրոցում դասավանդող ուսուցիչների հիմնական խնդիրը պետք է լինի արժեհամակարգ, պատասխանատվության զգացում ձևավորելը և «Տնտեսագիտություն» մասնագիտության հանդեպ հետաքրքրություն խթանելը։

Հագեցած օրվա վերջին բանախոսությունը ձեռնարկատիրության դասավանդման գերակայությունների վերաբերյալ էր։ ՀՊՏՀ միկրոէկոնոմիկայի ամբիոնի դոցենտ, տ․գ․թ․ Ֆրիդա Բահարյանը համոզված է՝ դպրոցում պետք է զարգացնել այնպիսի կարողություններ, ինչպիսիք են ժամանակը տնօրինելը որոշումներ ընդունելը, թիմային աշխատանք կատարելը։ «Ուսուցիչների խնդիրը ոչ թե տնտեսագիտության մեջ խորամուխ լինելը պետք է լինի, այլ ճիշտ հանձնարարություններ մշակելը, աշակերտի ձեռնարկատիրական մտածողությունը զարգացնելը»,- ասաց Ֆրիդա Բահարյանը։

Վերապատրաստման վերաբերյալ ուսուցիչների արձագանքները դրական էին։ Թիվ 114 ավագ դպրոցի տնտեսագիտության ուսուցիչ Լուսիկ Մարանգոզյանի կարծիքով՝ քննարկումները բովանդակային էին և գործնականում կիրառելի դրույթներ էին պարունակում։

Թիվ 170 ավագ դպրոցի «Հասարակագիտության» ուսուցիչ Գայանե Սարգսյանի ընդգծմամբ՝ դասավանդման նորագույն մեթոդները, որոնք մատուցվեցին, կարծրատիպերից դուրս էին և վստահաբար կծառայեն նպատակին։

Բովանդակալից օրն ամփոփվեց մասնակիցներին հավաստագրերի հանձնմամբ և նման ձևաչափում նոր հանդիպումներ ու դասընթացներ անցկացնելու պատրաստակամությամբ։