«Տնտեսագետը»` նորի, կարևորի, արժեքավորի մասին

Դիտումների քանակ՝ 1624

«Գործարկվել է ՀՊՏՀ նոր կայքը». այս հաճելի լուրով է սկսվում «Տնտեսագետի» գարնանային համարը:
Ավանդական դարձած «Լսարանային հարցումը» վեր է հանում ժամանակակից սերնդի գիտելիքն ու վերաբերմունքը հայ ժողովրդի պատմական անցյալի ու ներկայի, պայքարի ու հաղթանակների վերաբերյալ. ՀՊՏՀ դասախոս-փորձագետները գնահատում են ուսանող-հարցվողների պատասխանները:
Ամսագրի հյուրն է Հայաստանի դիվանագիտական դպրոցի տնօրեն, ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Վահե Գաբրիելյանը: Զրույցը Դիվանագիտական դպրոցի գործունեության, երիտասարդ սերնդի ինքնադրսևորման ու կրթության առանցքային խնդիրների մասին է:
Տնտեսական հետաքրքրական նորություններ են ներկայացված դոցենտ Սամվել Գրիգորյանի բազմաբովանդակ «Տնտեսական խճանկարում»:
«Անվանի տնտեսագետներ» խորագրում գործընկերները պատմում են պրոֆեսոր Աղասի Սարգսյանի, նրա անցած բեղմնավոր ու արժանահիշատակ ճանապարհի մասին:
Այս համարում կարող եք կարդալ նաև ասիստենտ Նորա Այվազյանի «Արեգակնային էներգիայի օգտագործում. փաստեր, հեռանկարներ», դոցենտ Վարդան Վլասյանի «Արհեստական բանականության հաղթարշավը» հոդվածները:
Մեր շնորհալին այս անգամ մի խելոք ու քնարական աղջիկ է, մարքեթինգի և բիզնեսի կազմակերպման ֆակուլտետի ուսանողուհի Մարիամ Ադամյանը: Մեր հերոսուհին հանդես է գալիս իր բանաստեղծություններով:
«Համաշխարհային բրենդ» խորագրի ներքո աշխարհածանոթ կանանց ձեռներեցության գաղտնիքներն են:
Համալսարանական իրադարձությունների համապատկերում ՀՊՏՀ ՈՒԳԸ գարնանային նստաշրջանն է, «Լրահոս»-ը, ՀՊՏՀ գիտական խորհրդի նիստերը, «Էրազմուս+» ծրագրի նորությունները:
«Ստեղծագործում են մեր ուսանողները» խորագրում կառավարման ֆակուլտետի ուսանող Սասուն Սահակյանի պատմվածքն է՝ «Վաճառվում է զեղչով»:
Վերծանելով արվեստի գաղտնագրերը՝ դոցենտ Սոֆյա Օհանյանն անդրադառնում է Սարդարապատի հերոսամարտի հուշահամալրի ստեղծման պատմությանը, հորինվածքի բովանդակությանը, հիմնադրույթին, խորհրդին:
«Տնտեսագետի» նոր համարի առանցքային թեմաների մասին այսքանը, բովանդակությանը կարող եք ծանոթանալ այսօրվանից. ուսանողները՝ դիմելով դեկանատներ, ինչպես նաև գրադարան և տեղում ընթերցելու համար՝ ընթերցասրահներ, իսկ դասախոսները` ամբիոններ: Այս պահին արդեն ամսագիրը տարածվել է ֆակուլտետներով, ամբիոններով, վարչական ստորաբաժանումներով։
Ամսագրի էլեկտրոնային տարբերակին ՀՊՏՀ պաշտոնական կայքում (asue.am) ծանոթացեք այստեղ:
Մաղթում ենք հաճելի ընթերցում:

ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին