ՀՊՏՀ ֆինանսատնտեսագիտական քոլեջի բարեփոխումները կապ չունեն Սերգեյ Խառատյանի հետ և սկսվել են դեռ նախորդ տնօրենի ժամանակից

Դիտումների քանակ՝ 3078

ՀՊՏՀ ֆինանսատնտեսագիտական քոլեջի տնօրենի նախկին պաշտոնակատարի հետ կապված միջադեպի շուրջ ՀՊՏՀ ղեկավարության հայտարարությունից հետո  այսօր հարկ ենք համարում ներկայացնել սույն հրապարակումը՝ ի պատասխան այն գրառումների և հայտարարությունների, թե ֆինանսատնտեսագիտական քոլեջում պայմանները բարելավվել են Սերգեյ Խառատյանի շնորհիվ:
Որպեսզի իրավիճակին անծանոթ մարդկանց մոտ թյուր տպավորություն չստեղծվի՝ ցանկանում ենք հստակ հայտարարել հետևյալը.
Այն բանից հետո, երբ Հայաստանի Հանրապետության Կառավարության 2015թ. դեկտեմբերի 29-ի նիստի որոշմամբ «Երևանի պետական ֆինանսատնտեսագիտական քոլեջ» պետական ոչ առևտրային կազմակերպությունը միացման ձևով վերակազմակերպվեց՝ միացվելով «Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարան» պետական ոչ առևտրային կազմակերպությանը, քոլեջում սկսվեց բարեփոխումների ծրագրի իրականացում՝ ՀՊՏՀ ռեկտոր, պրոֆեսոր Կորյուն Աթոյանի նախաձեռնությամբ և ՀՊՏՀ խորհրդի որոշմամբ:
Բարեփոխումները մի քանի ուղղություններով էին, բայց որպես սկիզբ՝ տրվեց միջավայրի բարեկարգման աշխատանքների մեկնարկը: Հին, խունացած, չջեռուցվող հաստատությունն ամբողջությամբ հիմնանորոգվեց, փոխվեցին պատուհանները, ներդրվեց ջեռուցման արդիական համակարգ, ՀՊՏՀ բրենդային գույների տրամաբանությամբ և ձևավորմամբ վերանորոգվեցին քոլեջի միջանցքները, լսարանները, սրահները: Քոլեջի ցուրտ շենքում բավարար պայմանների բացակայության պատճառով տարվա մեծ մասը խաթարված դասապրոցեսը իր հունի մեջ ընկավ միայն ու միայն այս համալիր վերանորոգումների, կահավորումների, տեխնիկական վերազինման շնորհիվ: Վերանորոգվել և կահավորվել են նաև արհեստագործական կրթական ծրագրերի իրականացման համար նախատեսված լաբորատորիաները, բացվել են համակարգչային լսարաններ, QR գրադարան: Ընթացքի մեջ են նաև լսարանային գույքի թարմացման աշխատանքները:
Առաջնային ուշադրություն հրավիրվեց կրթության որակի բարելավման վրա՝ կրթական ծրագրերի թարմացում, լաբորատորիաների կահավորում, աշխատակազմի վերապատրաստում: Ուշադրության առանցքում հայտնվեցին նաև սոցիալական ծրագրերը՝ ՀՊՏՀ ռեկտորի հրամանով աշխատակիցներին տրվել են պարգևավճարներ: Բացառապես բուհի միջոցների հաշվին քոլեջի տասնյակ ուսանողներ հնարավորություն են ստացել անվճար իրենց հանգիստն անցկացնելու ՀՊՏՀ «Տնտեսագետ» մարզաառողջարանում:
Այնպես որ, կոչ ենք անում զերծ մնալ անհիմն շահարկումներից և գնահատականները կառուցել իրողություններին համապատասխան: ՀՊՏՀ ղեկավարության զարգացման գործունեությունը ակնհայտ է, դա երևում է ոչ միայն համալսարանի կենսագործունեության բոլոր ոլորտներում, այլև՝ բուհի քոլեջում: Ցավոք, այդ բոլոր ծրագրերը երբեմն ստվերվում են այսպիսի միջադեպերի պատճառով, որոնց հետ համալսարանի ղեկավարությունը որևէ ուղիղ կապ չունի, սակայն ստիպված իր վրա է կրում այս ամենի հետևանքները սոսկ ղեկավար լինելու պատճառով:
Քոլեջում կատարված աշխատանքներին կարող եք ծանոթանալ նաև հետևյալ հղումներով՝ asue.am/am/news/news-261, asue.am/am/news/news-85:
Այս նյութի հետ հրապարկված լուսանկարային շարքը ցույց է տալիս քոլեջը բարեփոխումներից առաջ և հետո:

Հետգրություն

Ի դեպ, ինչ վերաբերում է քոլեջի տնօրենի նախկին ժամանակավոր պաշտոնակատարի հայտարարությանը, թե միջադեպի վերաբերյալ ՀՊՏՀ ղեկավարության հաղորդագրությունը չի համապատասխանում իրականությանը, ցանկանում ենք հայտնել, որ առկա է ՀՊՏՀ հայտարարության արժանահավատությունը հավաստող տեսագրություն, որտեղ հստակ արտացոլված է քոլեջի նախկին ղեկավարի վարքագիծը համալսարանի տարածքում:

ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին