ՀՊՏՀ-ում ուսումնաարտադրական և գիտահետազոտական փորձառության ժամանակաշրջանն սկսված է

05.02.2024
Դիտումների քանակ՝ 704

Այսօր մեկնարկել է ՀՊՏՀ ավարտական կուրսերի ուսանողների փորձառության ժամանակաշրջանը․ բակալավրիատում՝ ուսումնաարտադրական, մագիստրատուրայում՝ գիտահետազոտական։ Առկա և հեռակա բակալավրիատում տևողությունը 8 շաբաթ է, առկա մագիստրատուրայում՝ 10 շաբաթ։

Այս կիսամյակ փորձառություն է անցնելու ավարտական կուրսերի 1309 ուսանող, որից 808-ը՝ առկա բակալավրիատի, 453-ը՝ հեռակա բակալավրիատի, իսկ 48-ը՝ առկա մագիստրատուրայի։ Ուսանողների 39%-ը փորձառությունն անցնելու է աշխատավայրում, 19%-ը՝ իր նախընտրած ընկերությունում, 42%-ը՝ ՀՊՏՀ գործընկեր կազմակերպություններում։

«Ընդհանուր առմամբ, ընթացիկ կիսամյակում մեր ուսանողները փորձառություն են անցնելու 118 գործընկեր կազմակերպություններում, որոնց 58%-ը մասնավոր ոլորտում են, իսկ մնացածը՝ պետական։ Մասնավոր ոլորտի կազմակերպությունների շարքում ՀՊՏՀ ուսանողների համար շարունակում են նախընտրելի մնալ հատկապես բանկային համակարգի մեր գործընկերները։ Ըստ այդմ՝ «Արդշինբանկ» ՓԲԸ-ում ընդգրկված է 46 ուսանող, «Արարատբանկ» ԲԲԸ-ում՝ 39 ուսանող, «Ամերիաբանկ» ՓԲԸ-ում՝ 32 ուսանող, «Ակբա բանկ» ԲԲԸ-ում՝ 24 ուսանող, «Ֆասթ բանկ» ՓԲԸ-ում՝ 18 ուսանող և այլն։ Պետական մարմինների շարքում փորձնակների կողմից գերապատվություն են ստանում ՀՀ ֆինանսների նախարարությունը (39 ուսանող), ՀՀ պետական եկամուտների կոմիտեն (35 ուսանող), ՀՀ զբոսաշրջության կոմիտեն (25 ուսանող), ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը (19 ուսանող) և այլն»,- asue.am-ին ներկայացրեց ՀՊՏՀ կարիերայի կենտրոնի պետ Տաթևիկ Վարդանյանը։

Այս տարի ՀՊՏՀ ուսանողների հետաքրքրությունը մեծ է նաև Տնտեսագիտական մայր բուհում փորձառություն անցնելու առումով․ ՀՊՏՀ տարբեր ստորաբաժանումներում ընդգրկված է 20 ուսանող։

Հաջողություն ենք մաղթում մեր ուսանողներին, թող փորձառության ժամանակաշրջանը արդյունավետ լինի, յուրաքանչյուրին օժտի նոր կարողություններով և մասնագիտական ինքնավստահությամբ։