Ամփոփվեց «Դասախոսական գավաթ -2024»-ը
Տնտեսագիտական համալսարանի և Հայաստանի ուսանողական մարզական ֆեդերացիայի (ՀՈՒՄՖ) նախաձեռնությամբ ՀՊՏՀ-ում հունվարի 23-30-ն ընթանում էր «Դասախոսական գավաթ -2024» 12-րդ միջբուհական մարզական խաղերը։ Այս տարի առաջնությունը ներառում էր 6 սպորտային մարզաձև․ հրաձգություն, սեղանի թենիս, արագ շախմատ, բասկետբոլային նետումներ, բադմինտոն, պարանի ձգում, որոնցում իրենց ուժերը չափեցին հայաստանյան 15 բուհերի շուրջ 200 դասախոսներ և աշխատակիցներ։
Այսօր մարզական տոնը եզրափակվեց հանդիսավոր մրցանակաբաշխությամբ․ ՀՊՏՀ ուսումնական աշխատանքների գծով պրոռեկտոր Արմեն Գրիգորյանը և միջոցառման կազմակերպիչ, ՀՊՏՀ ֆիզդաստիարակության, ԱԻ և ՔՊ ամբիոնի վարիչ, ՀՈՒՄՖ նախագահ Հովհաննես Գաբրիելյանը մեդալներով, գավաթներով ու հուշանվերներով պարգևատրեցին առաջնությունների 1-ին, 2-րդ և 3-րդ տեղերը գրաված թիմերին ու մասնակիցներին։ Հովհաննես Գաբրիելյանը նշեց․ «Միջբուհական մարզական խաղերը նպատակ ունեն տարվա սկզբից խթանելու մեր գործընկերների ֆիզիկական ակտիվությունը, նրանց մշտապես ներգրավելու առողջ ապրելակերպի մեջ։ 12-րդ միջբուհական մարզական խաղերը կարելի է համարել բուհական մարզական տարվա լավագույն սկիզբ»։
Այսպիսով, հրաձգություն մարզաձևում աղջիկների անհատական պայքարի լավագույն եռյակը ձևավորվել է այսպես․ առաջին հորիզոնական՝ Բաղդասարյան Լիանա (ՀՊՏՀ), երկրորդ հորիզոնական՝ Ադամյան Մարինե (ՀՊՏՀ), երրորդ հորիզոնական՝ Պարսյան Աննա (ՀԱԱՀ)։ Տղաների անհատական պայքարի արդյունքում լավագույն եռյակն է․ առաջին հորիզոնական՝ Խաչատրյան Վահագն (ՀՊՄՀ), երկրորդ հորիզոնական՝ Դաշյան Հակոբ (ՀԱՊՀ), երրորդ հորիզոնական՝ Սմբատյան Վարդան՝ (ՀՖԿՍՊԻ): Թիմային պայքարի արդյունքում ոսկե մեդալի արժանացավ ՀՊՏՀ թիմը, արծաթե մեդալի՝ ԵՊՀ թիմը, բրոնզե մեդալի՝ ՀՖԿՍՊԻ թիմը։
Պարանի ձգման մրցաշարում երրորդ պատվավոր տեղը Հայ-ռուսական համալսարանինն էր։ Երկրորդ հորիզոնականը նվաճեց ՀՊՏՀ թիմը, իսկ մրցաշարի չեմպիոնը ՀՖԿՍՊԻ թիմն էր։
Բասկետբոլի նետումներ մրցաշարում, որը միջբուհական մարզական խաղերում նորություն էր, թիմային պայքարի արդյունքում առաջին պատվավոր տեղը ՀՊՏՀ-ինն էր, երկրորդը՝ ԵՊՀ-ինը, երրորդը՝ ԵՊԲՀ-ինը։
Բադմինտոնի մրցաշարում հաղթողը ԵՊԲՀ թիմն էր, երկրորդ հորիզոնականում Հայ–ռուսական համալսարանի, իսկ երրորդում՝ ՀՊՏՀ թիմը։
Արագ շախմատի առաջնության աղջիկների պայքարի արդյունքում ՀԱՊՀ-ն գրավեց առաջին հորիզոնականը, երկրորդ և երրորդ հորիզոնականները համապատասխանաբար՝ ՀՖԿՍՊԻ և ՀՊՏՀ թիմերը։ Տղաների պայքարի արդյունքներն են՝ ԵՊՀ, ՀԱՊՀ, ՀՊՏՀ։
Սեղանի թենիսի առաջնության թիմային պայքարի արդյունքում լավագույն եռյակն էր․ Հայ-ռուսական համալսարան՝ առաջին հորիզոնական, ՀԱՊՀ՝ երկրորդ հորիզոնական, իսկ երրորդ հորիզոնականը կիսում էին ԵՊՀ-ն և ՀՊՏՀ Գյումրու մասնաճյուղը։
Ընդհանուր մեդալների հանրագումարով «Դասախոսական գավաթ-2024» 12-րդ միջբուհական մարզական խաղերի հաղթողը ՀՊՏՀ-ն է։
Խաղերի լուսանկարային շարքը տե՛ս ՀՊՏՀ ֆեյսբուքյան էջում։