EduTrend. համահամալսարանական նախագիծը առաջինն անցկացվեց ՀՊՏՀ-ում
Տնտեսագիտական համալսարանում այսօր կայացավ EduTrend նախագծի «Բիզնեսը փոփոխվող աշխարհում» խորագրով համալսարանական առաջին հանդիպումը, որին մասնակցում էին ինչպես ՀՊՏՀ, այնպես էլ հայաստանյան այլ բուհերի ուսանողներ։ Նախագծի նպատակն է խթանել երիտասարդների ակտիվ գործունեությունը, բարելավել կրթական աստիճանը, բարձրացնել հետաքրքրությունը ինքնակրթության և ոչ ֆորմալ կրթության հանդեպ։
Բացման խոսքով հանդես եկավ EduTrend նախագծի համահիմնադիր Մանե Բարեղամյանը՝ մեծ պատիվ համարելով նախագիծը հանրապետության լավագույն բուհերից մեկում մեկնարկելը։ «Մեր նախաձեռնությունը անընդհատ կրթվելու մասին է, օգնել դառնալ ավելի լավը, մրցունակ, ստեղծել կապեր, սովորել լավագույններից, շարժվել ժամանակին համընթաց, լինել ժամանակակից, դառնալ ավելի ինտելեկտուալ ու լինել թրենդային»,- ասաց նա։ Մասնակիցներին ողջունեց նաև EduTrend նախագծի համահիմնադիր և մոդերատոր, ՀՊՏՀ կառավարման ֆակուլտետի ուսանողուհի Իսկուհի Ստեփանյանը՝ ընդգծելով, որ այս ամիսների ընթացքում իրենց նախագիծը մեկտեղել է կրթության գաղափարը համակողմանիորեն արժևորող մարդկանց, ինչը ոգեշնչող է։
Ողջույնի խոսքով հանդես եկավ ՀՊՏՀ ռեկտոր Դիանա Գալոյանը՝ նշելով, որ Տնտեսագիտական համալսարանը ավարտելուց հետո ՀՊՏՀ շրջանավարտները ոչ միայն վարձու աշխատողներ պետք է դառնան, այլև հնարավորություն ստանան իրագործելու իրենց բիզնես գաղափարները։ «Կարծում եմ, որ մեր այսօրվա խոսնակները, իրենց անձնական հաջողության պատմությունները, փորձը ներկայացնելով, կմոտիվացնեն և կկարևորեն բիզնես գիտելիքների դերը կրթության գործընթացում։ Այո΄, կրթությունը թրենդային է, և մենք վստահ ենք, որ Տնտեսագիտական համալսարանի ուսանողները տոգորված են այդ գաղափարով»,- ասաց ռեկտորը։
Առաջին խոսնակն էր «ԱՅԲ» կրթական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ Արամ Փախչանյանը։ Ուսանողների համար նրա ելույթը «Բարձրագույն կրթության կարևորությունը բիզնեսում» թեմայով էր։ ՀՊՏՀ կառավարման ամբիոնի դասախոս, ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության ֆինանսատնտեսագիտական վարչության փորձագետ Գագիկ Բադադյանն իր փորձը ներկայացրեց «Տնտեսագիտություն. անհրաժեշտությո՞ւն, թե՞ ռազմավարական առավելություն Ձեր բիզնեսի հաջողությունում» թեմայի շրջանակում։
Միջոցառման պանելային քննարկման արդիական թեմաներից էր՝ «AI գրագիտություն. որո՞նք են 21-րդ դարի պարտադիր հմտությունները»։ Մասնակիցներն էին Նորարարության և ձեռներեցության ազգային կենտրոնի գործադիր տնօրեն Հայկ Մարգարյանը, Formula VC-ի գործընկեր, Sprint crowdfunders' Fund-ի ֆոնդ-մենեջեր Կարեն Վարդանյանը, Portmind-ի գործադիր տնօրեն, DataFest Yerevan-ի համահիմնադիր Արսեն Եղիազարյանը, tvyal.am-ի հիմնադիր և գործադիր տնօրեն Աղասի Թավադյանը, Zeemust ՍՊԸ-ի հիմնադիր Մարիամ Դավթյանը, մոդերատորն էր բիզնես խորհրդատու, բիզնեսի ռազմավարության, զարգացման և կորպորատիվ նորարարությունների փորձագետ, Galaxy Group ընկերությունների խմբի ստրատեգիայի և ինովացիաների տնօրեն Էդգար Կարապետյանը։
Գործարար աշխարհում հաջողության հասնելու լավագույն հատկանիշներից մեկի՝ առաջնորդության մասին էր Էդգար Կարապետյանի «Առաջնորդությունը փոփոխվող աշխարհում. ինչպե՞ս դառնալ ապագա առաջնորդ» թեմայով ելույթը։ Բիզնեսի կարևոր նախապայմաններից մեկի՝ ֆինանսական միջոցների ներգրավման մասին խոսեց eqwefy կազմակերպության տնօրեն, AICA-ի համահիմնադիր, Harvard MBA ծրագրի շրջանավարտ Սամսոն Ավետյանը:
ՀՊՏՀ գիտության գծով պրոռեկտոր, տնտեսագիտության դոկտոր, պրոֆեսոր Թաթուլ Մկրտչյանի եզրափակիչ ելույթը «Ոգեշնչում և մոտիվացիա․ հաջողության պատմություն» թեմայով էր։
Միջոցառման մյուս լուսանկարները՝ ՀՊՏՀ ֆեյսբուքյան էջում։