Գիտական խորհրդի հերթական նիստում կայացավ դեկանների ընտրություն

30.11.2023
Դիտումների քանակ՝ 728

Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի գիտական խորհուրդն նոյեմբերի 30-ին գումարեց հերթական նիստը, որը ղեկավարում էր ՀՊՏՀ ռեկտոր, գիտական խորհրդի նախագահ Դիանա Գալոյանը։

Օրակարգային առաջին հարցով ՀՊՏՀ ռեկտորը և մրցութային հանձնաժողովի նախագահ Արա Մկրտչյանը ներկայացրին ՀՊՏՀ ֆակուլտետի դեկանի թափուր պաշտոնների համար հայտարարված մրցույթին մասնակցելու մասին հարցը։ Այնուհետև կառավարման և հաշվապահական հաշվառման և աուդիտի ֆակուլտետների դեկանի թեկնածուները՝ գործող դեկաններ Մանուկ Մովսիսյանը և Մերի Բադալյանը հանդես եկան 5-ամյա զարգացման ծրագրի ներկայացմամբ։ Գիտական խորհրդի անդամները գովեստի խոսքեր ասացին երկու թեկնածուների մասնագիտական, կառավարչական և մարդկային հատկանիշների մասին՝ ընդգծելով, որ նրանք երկուսն էլ բուհի նվիրյալներ են, սիրված են թե՛ ուսանողների, թե՛ աշխատակիցների կողմից։ Այնուհետև տեղի ունեցավ մրցույթը, որի արդյունքում գիտխորհուրդը փակ գաղտնի քվեարկությամբ կառավարման ֆակուլտետի դեկանի պաշտոնում ընտրեց Մանուկ Մովսիսյանին, հաշվապահական հաշվառման և աուդիտի ֆակուլտետի դեկանի պաշտոնում՝ Մերի Բադալյանին։

2022-2023 ուսումնական տարվա երկրորդ կիսամյակի քննաշրջանի արդյունքների մասին զեկուցեց ուսումնական աշխատանքների գծով պրոռեկտոր Արմեն Գրիգորյանը՝ մանրամասն ներկայացնելով հաշվետու ժամանակաշրջանում արձանագրված պատկերը։ Ըստ արդյունքների՝ նախորդ կիսամյակի քննաշրջանի համեմատությամբ ուսման առաջադիմությունը առկա բակալավրիատում նվազել է 2,6%-ով, հեռակա բակալավրիատում՝ 7,8%-ով, առկա մագիստրատուրայում աճել է 3,4%-ով, հեռակա մագիստրատուրայում՝ 10,9%-ով։ Գիտական խորհուրդը ներկայացված հաշվետվությունը հաստատեց։

Նիստի ավարտին՝ ընթացիկ հարցերի շարքում, գիտխորհուրդը հրատարակության երաշխավորեց կառավարչական հաշվառման և աուդիտի ամբիոնի վարիչ, տ․գ․դ․, պրոֆեսոր Լիանա Գրիգորյանի և տ․գ․դ․, պրոֆեսոր Արմեն Ճուղուրյանի համահեղինակությամբ «Կայուն զարգացման հաշվառում» ուսումնական ձեռնարկը։