ՀՊՏՀ ուսանողները Վրաստանում մասնակցել են միջազգային դասընթացի

01.12.2023
Դիտումների քանակ՝ 1160

Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի և «Ստեղծարար երիտասարդություն» ՀԿ-ի համագործակցության շրջանակում նոյեմբերի 21-30-ը ՀՊՏՀ hաշվապահական հաշվառման և աուդիտի ֆակուլտետի ուսանողներ Գրիգոր Գրիգորյանը, Գոռ Այվազյանը, Մարտին Բադալյանը, ինֆորմատիկայի և վիճակագրության ֆակուլտետի ուսանողներ Գագիկ Գրիգորյանը և Ավետիս Ղազարյանը Քոբուլեթում (Վրաստան) մասնակցել են «Դեպի թվայնացում» (Let's Get Digital) խորագրով միջազգային դասընթացին։

10 օրերի ընթացքում մեր ուսանողները ծանոթացել են Վրաստանի, Հունաստանի, Իսպանիայի, Լիտվայի, Բելգիայի պատվիրակների հետ։ Դասընթացը ներառել է բանախոսություններ, թիմային աշխատանքներ մարքեթինգի, գովազդի, սոցիալական ցանցերի, թվային գործիքների վերաբերյալ։ Մեր ուսանողները հնարավորություն են ունեցել յուրահատուկ խաղերի, խմբային աշխատանքների միջոցով դասավանդելու Վրաստանի քոլեջներից մեկում․ «Շատ հաճելի և միևնույն ժամանակ պարտավորեցնող էր դասավանդել մի լսարանում, որտեղ ունկնդիրների մեծամասնությունը մեզնից տարիքով մեծ էր»,-մեզ հետ զրույցում ասաց Գոռ Այվազյանը։

Ծրագրի շրջանակներում ուսանողները կատարել են թիմային առաջադրանք, որի բոլոր մասնակիցները օտարերկրացիներ են եղել (յուրաքանչյուր երկրից 1 ներկայացուցիչ), ինչը անգլերենի մակարդակը բարելավելու ևս մեկ հնարավորություն է ընձեռել։ Ուսանողներն ակտիվ մասնակցություն են ունեցել նաև խաղ-մրցույթներին և վերադարձել են հաղթանակներով։

Դասընթացի ավանդական դարձած հատվածում՝ մշակութային երեկոյին, մեր պատվիրակները պատշաճ կերպով էին նախապատրաստվել և լավագույնս են ներկայացրել մեր ազգային մշակույթի առանձնահատկությունները, պարերը, խոհանոցն ու նույնիսկ հայկական արտադրատեսակներից մի քանիսը։ Ներկայացման ավարտին՝ խաղ-մրցույթում, նրանք պարզել են, թե օտարերկրացիները որքանով են պատկերացում կազմել Հայաստանի մասին։

Մասնակիցներից Գրիգոր Գրիգորյանը նշեց․«Դրական էմոցիաներով ենք վերադարձել Վրաստանից, անհամբեր սպասում եմ հաջորդ հնարավորությանը, անպայման կդիմեմ և խորհուրդ եմ տալիս բոլորին՝ բաց չթողնել նման ոչ մի հնարավորություն»։