Գերմանիայի արտաքին գործերի նախարարության ֆինանսավորմամբ միջազգային նոր նախագիծ ՀՊՏՀ-ում

24.10.2024
Դիտումների քանակ՝ 548

Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանը դարձել է «Կանանց հզորացում թվային հմտությունների միջոցով» միջազգային նախագծի մասնակից։ Նախագիծը ֆինանսավորվել է Գերմանիայի արտաքին գործերի նախարարության կողմից, գործընկերներն են «Կոպեռնիկուս Բեռլին» ասոցիացիան (Գերմանիա) և Au Carrefour de L’Europe (Ֆրանսիա) կազմակերպությունը։

Նախագիծը նպատակ ունի հզորացնելու համայնքային շրջանների հայ կանանց՝ դիմակայելու ռեսուրսների սակավ հասանելության հետևանքով առաջացած մարտահրավերներին։ Նախագիծը ներառում է գործնական թվային հմտությունների ուսուցում, ինչպես նաև էլեկտրոնային հարթակի ստեղծում նախագծի հետագա կայունությունն ապահովելու համար։ Նախագծի շրջանակներում ստեղծվել է կայք, նախատեսվում են տարբեր միջոցառումներ, այցեր և աշխատաժողովներ։

Միջազգային նշված նախագծի շրջանակում ս․թ․ սեպտեմբերի 2-10-ը Բեռլինում տեղի է ունեցել «Կանանց հզորացում թվային հմտությունների միջոցով» (Empowering Women Through Digital Skills) առաջին միջազգային աշխատաժողովը, որին մասնակցել են ՀՊՏՀ 13 ուսանողուհիներ և 4 այլ մասնակիցներ Հայաստանից՝ ՀՊՏՀ համակարգողի ուղեկցությամբ։

Աշխատաժողովի ընթացքում մասնակիցները այցելել են Բունդեսթագ, մասնակցել “Advantages and Challenges of German Educational System’’ թեմայով պանելային քննարկման։ Մասնակիցները մեկշաբաթյա այցի ընթացքում մասնակցել են բազմաթիվ սեմինարների հետևյալ թեմաներով՝ “Digital Networking- How we successfully connect on Linked in”, “Increase Your Chances of Getting Hired”, “Influence & Inspire: Empowering Voices in Global Digital World”, “AI-powered future: The Role of GenAI in Business Transformation”, “Digital Literacy in AI era”, “Inclusive & Accessible design”։

Բեռլինի աշխատաժողովի յուրաքանչյուր մասնակից Հայաստան վերադառնալուց հետո անցկացրել է աշխատաժողով և կիսվել իր ստացած թվային հմտություններով՝ նպաստելով իր համայնքի հզորացմանը։

Նախագծի շրջանակներում ս․թ․ հոկտեմբերի 31-ից նոյեմբերի 7-ը նախատեսված է հաջորդ աշխատաժողովը Փարիզում (Ֆրանսիա), որին մասնակցելու են 16 մասնակիցներ։

Բեռլինյան այցի մյուս լուսանկարները՝ ՀՊՏՀ ֆեյսբուքյան պաշտոնական էջում