ՀՀ-ում ՉԺՀ գործերի ժամանակավոր հավատարմատարը՝ ՀՊՏՀ հյուր

23.10.2024
Դիտումների քանակ՝ 344

ՀՊՏՀ ռեկտոր Արմեն Գրիգորյանը հոկտեմբերի 22-ին ՀՊՏՀ-ում հյուրընկալեց Հայաստանի Հանրապետությունում Չինաստանի Ժողովրդական Հանրապետության գործերի ժամանակավոր հավատարմատար Մին Չենին և ՀՀ-ում ՉԺՀ դեսպանության ներկայացուցիչներին: Հանդիպմանը ներկա էին ՀՊՏՀ արտաքին կապերի դեպարտամենտի տնօրեն Լուսինե Դանիելյանը և հասարակագիտության ամբիոնի վարիչ Վարդան Աթոյանը։

Ողջունելով հյուրին՝ ՀՊՏՀ ռեկտորը շեշտեց, որ Տնտեսագիտական համալսարանը կարևորում է Չինաստանի բուհական և ակադեմիական հաստատությունների համագործակցությունը, նշեց, որ ՀՊՏՀ-ականները տարբեր գործընկերային առիթներով եղել են Չինաստանում և նման հին քաղաքակրթությամբ երկիր այցերը օգտակար են և արդյունավետ։ Բուհի ղեկավարը կարևորեց հատկապես գիտահետազոտական ոլորտում Չինաստանի բուհերի հետ համագործակցությունը։ Լուսինե Դանիելյանը մանրամասնեց, որ ՀՊՏՀ-ն եվրոպական երկրների տարբեր համալսարանների հետ սերտ համագործակցություն ունի, իսկ վերջին երկու տարում փոխգործակցություն է կառուցում նաև Չինաստանի բուհերի հետ և ուրախ կլինի խորացնելու այդ համագործակցությունը։ Վարդան Աթոյանը կարևորեց կապերը Չինաստանի ակադեմիական շրջանակների հետ՝ հույս հայտնելով, որ առաջիկայում դրանք առավել ինստիտուցիոնալ բնույթ կստանան:

ՀՀ-ում ՉԺՀ գործերի ժամանակավոր հավատարմատար Մին Չենը մատնանշեց համագործակցության մի շարք ուղղություններ, որոնք կարող են հետաքրքրական լինել և՛ ՀՊՏՀ ակադեմիական կազմի, և՛ ուսանողների համար։ Նրա խնդրանքով Արմեն Գրիգորյանը ներկայացրեց համալսարանի ֆակուլտետները, մասնագիտությունները, կրթական, համագործակցային ծրագրերն ու հնարավորությունները։

Հանդիպման ավարտին ռեկտորը հյուրերի հետ շրջայց կատարեց համալսարանում՝ ներկայացնելով համալսարանի ենթակառուցվածքներն և ֆակուլտետները։ Մին Չենը շնորհակալություն հայտնեց ջերմ հյուրընկալության համար և ՀՊՏՀ ռեկտորին փոխադարձ այցով հրավիրեց դեսպանատուն։

Հանդիպման մյուս նկարները՝ ՀՊՏՀ ֆեյսբուքյան պաշտոնական էջում