Անգլերենի մասնագիտական դասընթացներ՝ ուսանողների համար

Դիտումների քանակ՝ 3830

ՀՊՏՀ բնօգտագործման տնտեսագիտության ամբիոնի և «Ֆլալեսս» կորպորացիայի (ԱՄՆ) համագործակցության շրջանակներում նշված ամբիոնի մասնագիտությունների ուսանողները (բակալավրիատ և մագիստրատուրա) մարտ, ապրիլ և մայիս ամիսներին շաբաթական 3 օր մասնագիտական անգլերենի անվճար դասընթացների կմասնակցեն: Այն վարելու է լեզուների ամբիոնի դասախոս, բ.գ.թ., դոցենտ,«Շրջակա միջավայրի տնտեսագիտություն» գրքի հեղինակ Անուշ Խաչատրյանը:

Նախաձեռնության մեկնարկը տրվեց այսօր. անգլերենի իմացությունը բարելավել ցանկացող մի խումբ ուսանողներ առաջին դասին նախ թեստ հանձնեցին՝ անգլերենի իմացությունը ստուգելու համար, ապա սկսվեց հատուկ ծրագրով ուսուցումը:

Ամբիոնի վարիչի պաշտոնակատար, տ.գ.թ., դոցենտ Գագիկ Աղաջանյանը մեզ հետ զրույցում ասաց, որ «Ֆլալեսս» կորպորացիայի հետ համագործակցության ուղղությունները մշակվում են ըստ առաջնահերթությունների:

«Կոնկրետ այս դասընթացների մասով նշեմ, որ հաշվի ենք առել այն, որ աշխատաշուկան պահանջում է մրցունակ կադրեր, իսկ անգլերենի իմացությունը այսօր այդ մրցունակությունը որոշող բաղադրիչներից է: Մասնագիտական անգլերենին տիրապետելը, անշուշտ ուսանողներին կօգնի նաև հետազոտություններ կատարելիս լրացուցիչ աղբյուրներ ուսումնասիրել»,-ասաց ամբիոնի ղեկավարը և շնորհակալություն հայտնեց «Ֆլալեսս» կորպորացիայի նախագահ Ալեքսանդր Մարգարյանին:

Անուշ Խաչատրյանն էլ հավելեց, որ ուսուցումն իրականացվելու է ժամանակակից մեթոդներով, ESP (English for special purposes) ծրագրին համապատասխան, ինտերակտիվ մթնոլորտում: Դասընթացների ավարտին մասնակիցները ստուգիչ թեստ կհանձնեն, որից հետո կստանան վկայականներ:

Մաղթում ենք արդյունավետ ուսուցում:

Նշենք, որ օրեր առաջ ՀՊՏՀ կայքում անդրադարձել էինք ՀՊՏՀ-«Ֆլալեսս» փոխգործակցությանը:

ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին