«Էրազմուս+». տեղեկատվական օրեր՝ Երևանում. քննարկվել են միջազգային կրթական ծրագրերին առնչվող հարցեր

Դիտումների քանակ՝ 1376

Նոյեմբերի 6-ին և 7-ին «Էրազմուս+» ծրագրի ազգային գրասենյակի նախաձեռնությամբ Հայաստանի ազգային ագրարային համալսարանում տեղի են ունեցել «Էրազմուս+» տեղեկատվական օրերը: Հանդիպումներին ներկա են եղել մի շարք համալսարանների միջազգային բաժինների ներկայացուցիչներ, այդ թվում՝ ՀՊՏՀ արտաքին կապերի բաժնից, ՀՀ ԿԳՆ-ից, ինչպես նաև հյուրեր արտերկրից, մասնավորապես՝ Դոռոտա Ռիտվինսկան՝ Լեհաստանի «Էրազմուս+» ազգային գործակալությունից և Ալեքսանդր Ռիտովը՝ Բելառուսի պետական համալսարանի միջազգային ծրագրերի բաժնից:
Այս մասին տեղեկացնում են ՀՊՏՀ արտաքին կապերի բաժնից և ներկայացնում միջոցառման մանրամասները՝ նշելով, որ միջոցառումների շրջանակներում քննարկվել են միջազգային կրեդիտային շարժունության հնարավորությունները, փոխանակային ծրագրերին մասնակցելու կարգը և պայմանները, ինչպես նաև կարողությունների զարգացման ծրագրերը բարձրագույն կրթության ոլորտում:
Կրեդիտային շարժունության էությունը և պայմանները ներկայացնելուց հետո խոսվել է նաև բուհերի համապատասխան բաժինների կողմից կազմակերպական և աջակցության աշխատանքների իրականացման կարևորության մասին: «Էրազմուս+» ծրագրի ազգային գրասենյակի ներկայացուցիչները հատկապես կարևորել են ընտրված ուսանողների, դասախոսների և վարչական աշխատակիցների հետ մինչմեկնման կողմնորոշման հանդիպումների կազմակերպումը: Այս համատեքստում ընդգծվել է ՀՊՏՀ-ի փորձը՝ մատնանշելով «Էրազմուս+» ծրագրի մասնակիցների համար պարբերաբար կազմակերպվող հանդիպումները ՀՊՏՀ ռեկտորի հետ:
Ուրախ ենք տեղեկացնել, որ մեր բուհը օրինակելի է նաև ուսանողների աջակցության տեսանկյունից. ընտրված ուսանողների համար բացվում են ֆեյսբուքյան փակ խմբեր, ինչի շնորհիվ անընդհատ կապ է պահվում նրանց հետ և անհրաժեշտության դեպքում տրամադրվում աջակցություն թե՛ մինչմեկնման գործընթացների շրջանակներում և թե՛ արտերկրում գտնվելու ժամանակահատվածում:
Բացի դրանից, ՀՊՏՀ-ն աչքի է ընկնում «Էրազմուս+» ծրագրի վերաբերյալ տեղեկատվության, ինչպես նաև արդյունքների տարածման ոլորտում ունեցած ակտիվ աշխատանքների համար: Մասնավորապես՝ բուհի ուսանողների և պրոֆեսորադասախոսական կազմի համար անընդմեջ կազմակերպվում են տեղեկատվական հանդիպումներ, ինչպես նաև՝ վերադարձից հետո ուսանողները կիսվում են իրենց փորձով և ձեռքբերումներով՝ ներկայացնելով իրենց հաջողված պատմությունները, որոնք տեղադրվում են ՀՊՏՀ պաշտոնական կայքում (asue.am) և տպագրվում «Տնտեսագետ» ամսագրում:
«Նմանատիպ հանդիպումները լավ հնարավորություններ են ստեղծում գնահատելու բուհի գործունեությունը՝ արտաքին գործընկերային կապերի ստեղծման տեսանկյունից: ՀՊՏՀ-ի միջազգայնացումը նրա ռազմավարության կարևորագույն առաջնայնություններից է, ուստի արտաքին կապերի բաժինը շարունակելու է բարելավել իր գործունեությունը և ջանքեր չի խնայելու բացահայտելու համար բուհի ուսանողների և պրոֆեսորադասախոսական անձնակազմի համար արտերկրում ուսանելու, վերապատրաստվելու և առաջավոր փորձը ՀՊՏՀ-ում տարածելու նոր հնարավորություններ»,- նշում են արտաքին կապերի բաժնի մեր գործընկերները:

ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին