Շնորհակալագրեր ու գնահատանքի խոսք՝ վաստակաշատ դասախոսներին

Դիտումների քանակ՝ 3206

Տնտեսագիտության դոկտոր, պրոֆեսոր Գրիգոր Կիրակոսյանը, դոցենտներ, տնտեսագիտության թեկնածուներ Իշխան Խլղաթյանը և Լևոն Խչեյանը անցնում են վաստակած հանգստի: Այս առիթով տնտեսագիտության տեսության ամբիոնն այսօր հատուկ նիստ էր հրավիրել, որը նվիրված էր վաստակաշատ գիտնականներին:
Ամբիոնի վարիչ, տ.գ.թ., դոցենտ Ֆիրուզա Մայիլյանը, ողջունելով մասնակիցներին, նշեց, որ բոլորն ունեն երախտիքի խոսք ու բարեմաղթանք՝ ուղղված Տնտեսագիտական մայր բուհի և տնտեսագիտության տեսության ամբիոնի զարգացման ակունքներում կանգնած մեծ գիտնական-մանկավարժներ Գրիգոր Կիրակոսյանին, Իշխան Խլղաթյանին, Լևոն Խչեյանին: Ամբիոնի ղեկավարը ակնածանքով խոսեց տարիներ շարունակ անմնացորդ նվիրումով ու վարակիչ ոգևորությամբ աշխատող, բոլորին ստեղծագործական մեծ տանիքի ներքո համախմբող գիտնականների մասին, մաղթեց անձնական երջանկություն ու քաջառողջություն:
Հուզառատ ու անմիջական մթնոլորտում գիտնական-մանկավարժներին ուղղված գնահատանքի խոսքեր հնչեցրին ամբիոնի ավագ և երիտասարդ դասախոսները, որոնց զգալի մասը աշակերտել է նրանց, կրթվել ու դաստիարակվել հենց նրանց հովանու ներքո: Ելույթ ունեցողները, թերթելով ամբիոնի պատմության էջերը, կանգ առան լավագույն հուշերի վրա, որտեղից երևան էր գալիս 3 գիտնականների մարդ, գիտնական ու մանկավարժ օրինակելի տեսակը:
Իշխան Խլղաթյանն իր հերթին երախտագիտություն հայտնեց ամբիոնին՝ ավագների վաստակն արժևորելու, գնահատելու համար և խորհուրդ տվեց կամեցող, կարեկից լինել:
Երկարամյա աշխատանքի, նվիրումի ու բեղմնավոր գործունեության համար տնտեսագիտության տեսության ամբիոնի կողմից գիտնականներն արժանացան շնորհակալագրերի: Իշխան Խլղաթյանի շնորհակալագիրը հանձնվեց նիստում, իսկ Գրիգոր Կիրակոսյանինը և Լևոն Խչեյանինը կհանձնվեն այսօր երեկոյան:

ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին