«Էրազմուս+». արդյունավետ համագործակցության նոր հնարավորություններ

Դիտումների քանակ՝ 1377

Մարքեթինգի ամբիոնի լաբորանտ և նույն ամբիոնի հայցորդ Մանուշ Քալանթարյանը մայիսի 14-18-ը, «Էրազմուս +» ծրագրի շրջանակներում Լեհաստանի Բիալիստոկի տեխնոլոգիական համալսարանում մասնակցել է վարչական աշխատակիցների վերապատրաստման ծրագրին:
Այցի նպատակն էր խորացնել «Էրազմուս+» ծրագրի վերաբերյալ գիտելիքը, ծանոթանալ հյուրընկալող համալսարանի կառուցվածքին, ստորաբաժանումների գործունեությանը, երկրի մշակութային կյանքին:
Մեզ հետ զրույցում Մանուշ Քալանթարյանն ուղևորության մասին իր տպավորությունն արտահայտեց՝ նշելով. «Հետաքրքիր անցավ հատկապես լեհերենին և լեհական մշակույթին նվիրված մեկօրյա դասընթացը: Տպավորիչ էին նաև համալսարանների ներկայացուցիչների կողմից ազգային մշակույթին վերաբերող ցուցադրությունները: Ըստ նախնական պայմանավորվածության, մեր խումբը հանդիպումներ ունեցավ կրթության և միջազգային համագործակցության գծով պրոռեկտորի, կառավարման ֆակուլտետի դեկանի և դասախոսական կազմի հետ: Նրանց հետաքրքրում էին համալսարանների ձեռնարկած քայլերը միջազգայնացման ուղղությամբ և շարունակական համագործակցության հեռանկարները»:
ՀՊՏՀ պատվիրակը մասնակցել է նաև կլոր սեղանների, որոնց ընթացքում քննարկվել են համալսարնների արտաքին կապերի գործունությունը, տարբեր համալսարաններում այդ ուղղությամբ տարվող աշխատանքները:
«Ողջունելի էր, որ հյուրընկալող համալսարանը բարձր գնահատականի արժանացրեց մեր համալսարանի արտաքին կապերի բաժնի աշխատանքը: Եվ ինձ շատ հաճելի էր Բիալիստոկի տեխնոլոգիական համալսարանի կառավարման ֆակուլետի կրթության գծով փոխդեկանի կողմից արված առաջարկը՝ հանդես գալու համատեղ հոդվածներով, ինչը, գիտահետազոտական աշխատանքի ճանապարհին ինձ համար համագործակցության և արդյունավետ փորձառության հնարավորություն է»,- ասաց Մանուշ Քալանթարյանը:

ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին