«Էրազմուս+». վերապատրաստում Աթենքում

Դիտումների քանակ՝ 2252

ՀՊՏՀ արտաքին կապերի բաժնից տեղեկացնում են, որ հունիսի 25-29-ը մեր համալսարանի աշխատակիցները Աթենքի տնտեսագիտության և բիզնեսի համալսարանում մասնակցել են «Էրազմուս+» ծրագրի միջազգային վերապատրաստման շաբաթին, որը համախմբել էր շուրջ 60 մասնակիցների Եվրոպայի և Ասիայի 40 համալսարաններից: ՀՊՏՀ-ն ներկայացրել են արտաքին կապերի բաժնի գլխավոր մասնագետ Մարգարիտ Մարուքյանը, առաջատար մասնագետ Տաթևիկ Հովհաննիսյանը, «Ամբերդ» հետազոտական կենտրոնի ավագ հետազոտող Գայանե Թովմասյանը, փորձագետ Շուշան Մովսիսյանը, որակի ապահովման բաժնի գլխավոր մասնագետ Մարիա Պետրոսյանը և ՀՊՏՀ Գյումրու մասնաճյուղի ուսումնական բաժնի աշխատակից Արմինե Հարությունյանը:
Վերապատրաստման շաբաթն ընթացել է հագեցած օրակարգով՝ ներառելով դասախոսություններ, խմբային աշխատանքներ և քննարկումներ այնպիսի արդիական թեմաների շուրջ, ինչպիսիք են աշխատողների մոտիվացիայի բարձրացման ուղիները, ուսանողների կողմից համալսարանների հանդեպ հավատարմության ձևավորման հնարավորությունները, միջազգային փոխանակման ծրագրերին դիմելու շարժառիթները, համալսարանների կորպորատիվ սոցիալական պատասխանատվության ինստիտուտի ձևավորման անհրաժեշտությունը և այլն:
ՀՊՏՀ աշխատակիցները շնորհանդեսի ձևաչափով ներկայացրել են ՀՊՏՀ գործունեությունը, կառուցվածքը, իրականացվող կրթական ծրագրերը, միջազգայնացման ուղղությամբ կատարվող աշխատանքները, ինչպես նաև «Ամբերդ» հետազոտական կենտրոնի գործունեությունը՝ մատնանշելով հիմնական հոտազոտական ուղղությունները, առկա ձեռքբերումները և համագործակցության հնարավորությունները:
Վերապատրաստման շաբաթին ներկա համալսարանների ներկայացուցիչների հետ ակտիվորեն քննարկվել են հետագա համագործակցության հնարավորությունները՝ ներառյալ համատեղ կրթական ծրագրերի մշակման, համալսարանների գործունեության տարբեր ուղղություններով փորձի փոխանակման, ուսանողների շարժունության և համատեղ հետազոտական նախագծերի իրականացման վերաբերյալ:
ՀՊՏՀ աշխատակիցները վերադարձել են վառ տպավորություններով և լիահույս են, որ սա կլինի փոխշահավետ համագործակցությունների լավ սկիզբ, նրանք նաև նշում են, որ Աթենքի տնտեսագիտության և բիզնեսի համալսարանի աշխատակիցները փաստում էին, որ ՀՊՏՀ-ից փոխանակման ծրագրով Աթենքում սովորող 6 ուսանողները շատ ակտիվ են ու խելացի:

ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին