Էրազմուսյան այց Սալոնիկի համալսարան
«Էրազմուս+»-ի դասախոսների միջազգային կրեդիտային շարժունության ծրագրի շրջանակում սույն թվականի հոկտեմբերի 21-29 Սալոնիկի Արիստոտելի անվան համալսարան է այցելել ՀՊՏՀ բարձրագույն մաթեմատիկայի ամբիոնի դոցենտ, ֆիզմաթ գիտությունների դոկտոր Մհեր Աղալովյանը։
«Մաթեմատիկական անալիզ» դասընթացի շրջանակում նա Արիստոտելի համալսարանի ուսանողների համար դասախոսությունների շարք է վարել «Անորոշ և որոշյալ ինտեգրալները», իսկ «Էրազմուս+» ծրագրով սովորողների համար՝ «Բարձրագույն մաթեմատիկայի տնտեսագիտական կիրառությունները» թեմաներով։
Մհեր Աղալովյանի խոսքով՝ փոխանակային ծրագիրը ծառայել է որպես ծանոթությունների և փորձի ձեռքբերման, ինչպես նաև մտքերի ու գաղափարների փոխանակման հիանալի հնարավորություն:
«Այցի ընթացքում Արիստոտելի անվան համալսարանի վարչական և պրոֆեսորադասախոսական կազմի անդամների հետ արդյունավետ քննարկումներ են իրականացվել՝ միտված երկու բուհերի ակադեմիական համագործակցության ընդլայնմանը, ձեռք է բերվել համատեղ հետազոտությունների իրականացման և հոդվածների հրապարակման պայմանավորվածություն»,- asue.am-ի հետ զրույցում ասաց Մհեր Աղալովյանը՝ շարունակելով․«Արդեն որերորդ անգամ մեկնում եմ այս ծրագրով, և շատ ուրախալի է արձանագրել, որ թեև Հունաստանում կրթությունն անվճար է, այնուհանդերձ, ուսանողները սովորում են մեծ մոտիվացվածությամբ։ Այս պահին նրանց շարքում է նաև մեր համալսարանի կառավարման ֆակուլտետի մի ուսանող, ինչը հպարտանալու առիթ է»։