Ավարտվեց «ՀՊՏՀ աշնանային ճամբար–2024»-ը

04.11.2024
Դիտումների քանակ՝ 424

Հայաստանի Հանրապետության Արմավիրի, Լոռու, Կոտայքի, Արարատի, Արագածոտնի, Սյունիքի, Երևան քաղաքի դպրոցների և վարժարանների 11-րդ և 12-րդ դասարանների աշակերտներին նոյեմբերի 2-ին և 3-ին Տնտեսագիտական համալսարանը նվիրել է 2-օրյա աշնանային ճամբար, որի 47 մասնակիցներին այս բացառիկ հնարավորությունն ընձեռվել էր ընտրական փուլին ներկայացված նրանց մոտիվացիոն նամակների և ինքնակենսագրականների հիման վրա։

Բացման խոսքով հանդես են եկել ՀՊՏՀ շարունակական կրթության բաժնի պետ Գրիշա Ամիրխանյանը և ՀՊՏՀ ուսանողական խորհրդի նախագահ Արև Մանուկյանը։ Հայտարարելով աշնանային ճամբարի բացումը և ողջունելով դպրոցականների մուտքը ՀՊՏՀ՝ նրանք ներկայացրել են մասնագիտական կողմնորոշման կարևորությունը, բուհի կրթական ծրագրերը, ընդունելության կարգը և ուսանողական խորհրդի գործունեությունը: Նախորդ կիսամյակի ընթացքում «Էրազմուս+» միջազգային փոխանակման ծրագրի մասնակիցներն էլ պատմել են արտերկրում սովորելու ծրագրերի մասին և այն անփոխարինելի փորձառության, որ ուսանողն ստանում է՝ նմանօրինակ ծրագրերին մասնակցելով։

Ճամբարի և΄ առաջին, և΄ երկրորդ օրն անցել են հագեցած ու դինամիկ․ տնտեսագիտական թեմաներ՝ ֆինանսներ, մարքեթինգ, կառավարում, թվային տեխնոլոգիաներ, մասնագիտական կողմնորոշման, կյանքի և ճանաչողության մասին օգտակար զրույցներ, ինչպես նաև գիտելիքահենք ժամանցային խաղեր, թիմային առաջադրանքներ:

ՀՊՏՀ շարունակական կրթության բաժնի աշխատակից Իռեն Գևորգյանը հանդես է եկել «Բուհական կրթության կարևորությունը» թեմայով, «Ամբերդ» հետազոտական կենտրոնի տնօրեն Դավիթ Հախվերդյանը՝ «Տնտեսագիտություն. ի՞նչ, ինչպե՞ս, ո՞ւմ համար», ՀՊՏՀ շարունակական կրթության բաժնի գլխավոր մասնագետ Ժորա Ստեփանյանը՝ «Ինչպե՞ս կառավարել սեփական ֆինանսները։ Ֆինանսական գրագիտության արդիականությունը», ՀՊՏՀ ՏՏ բաժնի պետ Արգամ Արտաշյանը՝ «Հաջորդ սերնդի տնտեսություն․ բացահայտելով ԱԲ-ի ներուժը արդյունաբերություն 4․0-ի մեջ», ՀՊՏՀ մարքեթինգի ամբիոնի վարիչ Վադիմ Գրիգորյանը՝ «Մարքեթինգը 60 րոպեում», ՀՊՏՀ շարունակական կրթության բաժնի գլխավոր մասնագետ Լուսինե Խուրշուդյանը՝ «Հաջողակ կարիերայի բանաձևը», ՀՊՏՀ կառավարման ամբիոնի ավագ դասախոս Մարինե Առաքելյանը՝ «Քո ապագայի ռազմավարությունը․ մասնագիտական կողմնորոշում»։

Ավագ դպրոցականները մեծ հետաքրքրությամբ են ունկնդրել խոսնակներին, ստացել հուզող հարցերի պատասխաններ, խանդավառությամբ մասնակցել ժամանցային խաղերին, որոնք կառուցված են եղել տնտեսագիտական եզրերի իմացության, տնտեսագիտորեն մտածելու կարողության բացահայտման վրա։

Իսկ ահա թիմային առաջադրանքների կատարումը ձևավորված 6 թիմերից պահանջել է գիտելիք, մտքի ճկունություն, խմբային աշխատանքի կարողություն։ Յուրաքանչյուր թիմ ներկայացրել է իր բիզնես գաղափարը, որն ընդգրկել է զարգացման ռազմավարություն, ֆինանսական վերլուծություն, թիրախային լսարանի ընտրություն, լոգո և այլն։ Մրցատյանը բարձր է գնահատել բոլոր թիմերի աշխատանքը, նրանց գիտելիքը, հանդես բերած հետևողականությունը և ընտրել է հաղթող թիմին։

Երկօրյա ճամբարն ավարտվել է բուհում շրջայցով և պարգևների, նվերների, հավաստագրերի հանձնման հանդիսավոր արարողությամբ։

Միջոցառման մյուս լուսանկարները՝ ՀՊՏՀ ֆեյսբուքյան պաշտոնական էջում