Պատերազմում հերոսաբար զոհվել է ՀՊՏՀ ուսանող Հայկ Արշակյանը. հավերժ փառք
Խորը ցավով հայտնում ենք, որ արցախաադրբեջանական պատերազմում հերոսաբար զոհվել է ՀՊՏՀ ուսանող Հայկ Արամի Արշակյանը: Նա սովորում էր ՀՊՏՀ կառավարման ֆակուլտետում, կառավարում մասնագիտության երկրորդ կուրսում: Մեր հերոս ուսանողը պատերազմի դաշտում զոհվել է՝ ցուցաբերելով քաջության, խիզախության անասելի օրինակ. նա զոհվել է վիրավոր ընկերներին օգնության հասնելիս:
ՀՊՏՀ ուսումնական աշխատանքների գծով պրոռեկտոր, ռեկտորի պարտականությունները կատարող Արմեն Գրիգորյանը նշում է, որ Հայկ Արշակյանը ՀՊՏՀ-ականների երրորդ սերունդն էր: Հայկ Աշակյանը երջանկահիշատակ պրոֆեսոր և երկարամյա ամբիոնի վարիչ Ալբերտ Արշակյանի թոռն է, ՀՊՏՀ քոլեջի փոխտնօրեն Արամ Արշակյանի տղան, ինչպես նաև «ՈՒԽ-ի Հայկը»: «Մարտիրոսվեց վիրավոր ընկերներին դուրս բերելու համար օգնության հասնելիս...»,- ընդգծել է Արմեն Գրիգորյանը:
Կառավարման ֆակուլտետի դեկան Մանուկ Մովսիսյանն անասելի ցավով մեզ հետ զրույցում ներկայացրեց Հայկին: Դեկանի խոսքով, Հայկն իսկապես լուսավոր ու պայծառ ուսանող էր, սիրված և հարգված ինչպես ուսանողների, այնպես էլ դասախոսների կողմից: «Շատ ծանր է այս իրավիճակը, մեր երեխաների մասին այս ողբերգական լուրերը չափազանց ծանր ենք տանում: Հայկը իսկապես հրաշալի անձնավորություն էր, և ես սա ասում եմ ոչ թե այն պատճառով, որ նա մեր գործընկերների զավակն էր, այլ իրականությունն այն է, որ նա մարդկային բարձր հատկանիշներով օժտված, լուսավոր ու պայծառ մարդ էր»,- ասաց Մանուկ Մովսիսյանը:
asue.am-ի հետ զրույցում ՈւԽ-ական, Հայկի ընկեր Վլադ Վարդանյանը նշեց, որ Հայկը հումորի մեծ զգացումով, արտիստիզմով օժտված երիտասարդ էր, որի կերպարը շատ ՀՊՏՀ-ականներ կհիշեն ուսանողական միջոցառումներից, ՈւՀԱ ելույթներից։ «Մեր Հայկը ժողում սովորեց ընդամենը 2 տարի, բայց բոլորիս սիրտը մտավ որպես կենսուրախ, հումորով, լավ ընկեր, եղբայր...Իրեն հիշում ենք նորաձև հագնված, ջերմ ժպիտը դեմքին, սիրում էր կոկա-կոլա խմել, ձեռքին միշտ կար։ Ժամկետային ծառայության էր մեկնել այս տարվա ձմռանը, հուլիսից տեղափոխվել էր Հադրութ։ Իր հրամանատարի հետ վիրավոր ընկերներին մարտի դաշտից դուրս բերելիս Հայկը ընկավ... Անհավատալի է ու անասելի ցավ... »,- ասաց Վլադը: ՀՊՏՀ աշխատակազմը և ուսանողությունը ծանր կորստի համար ցավակցում են Հայկի ընտանիքին և հարազատներին: Հավերժ փառք և խոնարհում, սիրելի Հայկ:
ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին