ԵՄ «էրազմուս+»՝ միջմայրցամաքային համագործակցություն

Դիտումների քանակ՝ 1680

«Էրազմուս+» ծրագրի շրջանակներում Հայաստանի պետական տնտեսագիտական և Կրակովի տնտեսագիտական համալսարանների միջև համագործակցությամբ մայիսի 6-13-ը Լեհաստանում են գտնվել միջազգային տնտեսական հարաբերությունների ամբիոնի ասիստենտ, տ.գ.թ. Սուսաննա Աղաջանյանը և տնտեսության կարգավորման և միջազգային տնտեսական հարաբերությունների ֆակուլտետի դեկանատի ավագ գործավար և մակրոէկոնոմիկայի ամբիոնի ասպիրանտ Անի Հունանյանը:
Դասախոսների շարժունության և վարչական աշխատակիցների վերապատրաստման ծրագրերով նշված համալսարանում նրանք հագեցած աշխատանքային օրեր են անցկացրել և վերադարձել են տպավորված:
Սուսաննա Աղաջանյանը, դասախոս Թոմաս Քաֆելի հրավերով, վերջինիս կողմից դասավանդվող «Ռազմավարական կառավարում» առարկայի շրջանակում, օտարերկրացի մագիստրանտների համար դասընթաց է վարել «Վերազգային կորպորացիաների դերը գլոբալացող աշխարհում» թեմայով: Սուսաննա Աղաջանյանի հավաստմամբ՝ դասընթացն ավարտվել է առարկայի դասախոսի և ուսանողների հետ է երկուստեղ հետաքրքրված ու արդյունավետ քննարկմամբ:
Անի Հունանյանը, որպես վարչական աշխատակից, այցելել է գրադարան, ծանոթացել գրքային ֆոնդին, տվյալների բազայից օգտվելու կարգին, սպասարկման և գրադարանի աշխատանքի այլ առանձնահատկությունների, իսկ որպես ասպիրանտ, միջամբիոնային համագործակցության շրջանակներում, հանդիպել է մակրոէկոնոմիկայի ամբիոնի դասախոս Ռաֆել Սիրոդսկիին և այլ դասախոսների, որոնց հետ քննարկվել են համատեղ գիտաժողովներ ու սեմինարներ կազմակերպելու հեռանկարներ:
ՀՊՏՀ ներկայացուցիչների վկայությամբ՝ առանձնապես տպավորիչ է եղել հագեցած օրակարգով ընթացող Միջազգային շաբաթը՝ Միջմայրցամաքային համագործակցություն խորագրի ներքո, որի շրջանակում ավելի քան 10 երկրների ներկայացուցիչների հետ մասնակցել են կլոր սեղանների, վերապատարաստումների և ստացել հավաստագրեր:
Կրակովի տնտեսագիտական համալսարանում մեր պատվիրակներին հատկապես գրավել է մշակութային ստորաբաժանումը, որտեղ ամեն ինչ շնչում է արվեստով, ուսանողները կարող են ներկայանալ իրենց ստեղծագործություններով և կարող են դասեր անցկացնել գեղեցիկի միջավայրում:
ՀՊՏՀ-ում «էրազմուս +» ծրագիրը համակարգում է արտաքին կապերի բաժինը:

ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին