Յան Բեդնորշ. «Սիրով կգամ Հայաստանում աշխատելու…. »

Դիտումների քանակ՝ 2075

2017-2018 ուսումնական տարվա 2-րդ կիսամյակը մեր համալսարանում է անցկացրել օտարերկրացի 2 ուսանող՝ Պոզնանի տնտեսագիտության և բիզնեսի համալսարանի 2-րդ կուրսի մագիստրանտ Յան Բեդնորշը և հայազգի Քրիստինե Հայրապետյանը, ով սովորում է Ռոստովի տնտեսագիտական համալսարանում (РИНХ):
ՀՊՏՀ արտաքին կապերի բաժնում, որը համակարգում է ծրագիրը, մենք հանդիպեցինք նրանց: Յանի ուսումնառությունը ԵՄ «Էրազմուս+» ծրագրով է, իսկ Քրիստինեինը՝ միջհամալսարանական համագործակցության շրջանակում:
Քանի որ Յան Բեդնորշը պատրաստվում էր մեկնել Հայաստանից, մենք շտապեցինք օգտվել ընձեռված հնարավորությունից, ծանոթացանք նրա հետ և տեղեկացանք մեր երկրից ստացած տպավորությունների մասին: Պարզվում է՝ նախկինում Հայաստանի մասին քիչ բան է իմացել, որից մեկը Հայոց ցեղասպանությունն էր ու նաև այն, որ հետխորհրդային երկիր է, և պիտի որ հասարակությունն այստեղ բավականին կաղապարված լինի: Սակայն գալով, սովորելով, նորանոր շփումներ հաստատելով, ամիսների ընթացքում շրջագայելով, մեկնելով Արցախ՝ իր համար հայտնաբերել է բնության մի հրաշալի վայր, որտեղ ապրում են նույնքան հրաշալի մարդիկ՝ պարզ, մարդամոտ, բարի: Այստեղ Հետազոտական ռեսուրսների կովկասյան կենտրոնում (ՀՌԿԿ) կամավորական աշխատանքը (տվյալների հավաքագրում, հարցազրույցներ, հարցումներ, զեկույցների պատրաստում) ևս օգնել է ավելի մերձենալ ու ճանաչել Հայաստանն ու հայերին:

Ինչ վերաբերում է մեր համալսարանից ստացած տպավորությանը, Յանը ժպիտով ասաց. «Երկու բան է ինձ առավել զարմացրել Տնտեսագիտական համալսարանում՝ դասամիջոցի կամ դասի զանգը և մատյանները», հետո ավելացրեց, որ բուհական անցուդարձի և ընդհանուր առմամբ ուսումնական գործընթացին շատ չի առնչվել, և քանի որ միակ օտարերկրացի ուսանողն էր, իր համար անհատական դասընթաց է մշակվել: Այն ներառել է 5 առարկա «Նախագծերի կառավարում», «Միկրոէկոնոմիկա», «Միջազգային ֆինանսական շուկաներ», «Հանրային կառավարում», «Կառավարման մշակույթ և բիզնես հաղորդակցություններ», իսկ դասավանդողները եղել են բանիմաց գիտնական-մանկավարժներ և նոր որակ են հաղորդել իր մագիստրոսական կրթությանը:
Օրեր առաջ Յան Բեդնորշը մասնակցել էր կառավարման ֆակուլտետի ՈՒԳԸ նիստին, իսկ այժմ, մեկնելով հայրենիք, պատրաստվում է ավարտին հասցնել մագիստրոսական թեզը, որից հետո կուղևորվի աշխատելու Լիտվայում՝ պետական քաղաքականության վերլուծությամբ զբաղվող հետազոտական կենտրոնում:
«Սիրով կգամ Հայաստանում աշխատելու, արդեն մտածում եմ՝ ինչ ուղիներ գտնեմ՝ ցանկությունս իրագործելու համար»,-մեր զրույցի վերջում խոստովանեց Յանը, իսկ մենք նրան մաղթեցինք վերելքով ու հաջողություններով լեցուն ճանապարհ:
Հաջորդիվ սիրով կներկայացնենք նաև Քրիստինե Հայրապետյանին:

ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին