ՀՊՏՀ ներկայացուցիչները` EUCON ծրագրի ամփոփիչ միջոցառմանը

20.10.2023
Դիտումների քանակ՝ 894

Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանում իրականացվող «ԵՄ և ԵԱՏՄ. հակամարտության և մրցակցության միջև, մերձեցում և համագործակցություն» (EUCON) նախագծի շրջանակներում ս․թ. հոկտեմբերի 9-12-ը ՀՊՏՀ միջազգային կապերի բաժնի պետ Անժելիկա Մուսայելյանը և միջազգային տնտեսական հարաբերությունների ամբիոնի ավագ դասախոս Ալբերտ Հայրապետյանը Վիեննայի կիրառական գիտությունների համալսարանում (Ավստրիա) մասնակցել են նախագծի ամփոփիչ միջոցառմանը, աշխատաժողովին և «ԵՄ-ԵԱՏՄ» համաժողովին։

Աշխատաժողովի շրջանակներում Վիեննայի կիրառական գիտությունների համալսարանի ուսանողների համար Ալբերտ Հայրապետյանը հանդես է եկել «Ինտեգրացիոն գործընթացների տնտեսական արդյունավետության գնահատման մոտեցումները» թեմայով դասախոսությամբ, ինչպես նաև ամփոփիչ համաժողովին գործընկեր համալսարանների դասախոսներ Դանիել Գուլերի (Պասաուի համալսարան), Տամաշ Մատուրայի (Բուդապեշտի Կորվինուսի համալսարան) և Աննա Լազարևայի (Վիեննայի կիրառական գիտությունների համալսարան) հետ մասնակցել «Աշխարհաքաղաքական տեղաշարժերը հետխորհրդային տարածաշրջանում. ազդեցությունները եվրոպական բիզնեսի վրա և այլընտրանքային շուկաների որոնում» խորագրով պանելային քննակմանը, որին հաջորդել է հարցուպատասխան և քննարկում։

ՀՊՏՀ պատվիրակները մասնակցություն են ունեցել նաև Գերմանիայի Պասաուի համալսարանի կողմից երիտասարդ հետազոտողների համար կազմակերպված աշխատաժողովին՝ «Տնտեսական ինտեգրման միտումները, մարտահրավերները և շարժիչ ուժերը․ ԵՄ-ի հարաբերությունների ապագան Արևելյան գործընկերության երկրների հետ» թեմայով, որն անց է կացվել «Կոնրադ Ադենաուեր» հիմնադրամի Վիեննայի գրասենյակում։

Այցի ընթացքում ՀՊՏՀ ներկայացուցիչները առանձին հանդիպումներ են ունեցել նախագծի համակարգող Հաննես Մեյսների և ֆինանսական գծով պատասխանատու Յոհաննես Վետզինգերի հետ։ Քննարկվել են նախագծի ամփոփմանը, ինչպես նաև ՀՊՏՀ-ի և նախագծի գործընկեր համալսարանների միջև կրթության և գիտության ոլորտում հետագա համագործակցությանը վերաբերող հարցեր։

Հաննես Մեյսները գոհունակություն է հայտնել նախագծի իրականացման ընթացքից և մատնանշել, որ գործընկեր համալսարաններն իրականացրել են նախագծով նախատեսված բոլոր գործողությունները և միջոցառումները։