ՀՊՏՀ ուսանողները՝ պաուերլիֆթինգի Եվրոպայի չեմպիոններ

28.03.2024
Դիտումների քանակ՝ 557

Մարտի 20-24-ը Լեհաստանի Շեդլեց քաղաքում ընթացող պաուերլիֆթինգի XPC վարկածով Եվրոպայի առաջնության չեմպիոն են դարձել ՀՊՏՀ ուսանողներ Էրիկ Խաչատրյանը (մարքեթինգի և բիզնեսի կազմակերպման ֆակուլտետ, 2-րդ կուրս) և Միշա Խաչատրյանը (տնտեսության կարգավորման և միջազգային տնտեսական հարաբերությունների ֆակուլտետ, 3-րդ կուրս)։

Էրիկ Խաչատրյանը, մրցելով 67,5 կգ քաշային կարգում, 2 վարժությունում (ձգում և եռամարտ) արժանացել է ոսկե մեդալների և նվաճել Եվրոպայի քառակի չեմպիոնի տիտղոսը։ Դյուցազնագրքի և Գինեսի գրքի բազմակի ռեկորդակիրը, Աշխարհի քառակի չեմպիոնը, միջազգային կարգի սպորտի վարպետը իր այս հաղթանակը նվիրել է 44-օրյա պատերազմում նահատակված ընկերոջ՝ Սիփան Սողոմոնյանի հիշատակին:

Միշա Խաչատրյանը 82,5 կգ քաշային կարգում, 2 վարժությունում, նույնպես նվաճել է 2 ոսկե մեդալ։ Միշան Հայաստանի բազմակի չեմպիոն է, սպորտի վարպետի թեկնածու, Եվրասիական երկրների պաուերլիֆթինգի առաջնության չեմպիոն։

asue.am-ի հետ զրույցի առիթն օգտագործելով՝ տղաներն իրենց երախտագիտությունը հասցեագրեցին Հայաստանի պաուերլիֆթինգի ֆեդերացիայի նախագահ և հավաքականի գլխավոր մարզիչ Գագիկ Սարոյանին և մարզիչ Վարդան Թովմասյանին՝ մարզչական գործունեության, մարդկային հոգածության և աջակցության համար։

էրիկն ու Միշան պատրաստվում են առաջիկայում ԱՄՆ-ում, Իսպանիայում և Վրաստանում մասնակցելու միջազգային առաջնությունների։ Մաղթում ենք, որ մեր երկու չեմպիոններն իրենց մարզական կենսագրությունը հարստացնեն նոր հաղթանակներով և մեդալներով՝ բարձր պահելով մեր երկրի և մեր համալսարանի անունը։