«Կին լինելու համար պետք չէ լինել գիտնական, բայց կին և գիտնական համադրությունը, ինչ խոսք, գեղեցիկ է»․ Եվգենյա Բազինյան
ՀՊՏՀ տնտեսամաթեմատիկական մեթոդների ամբիոնի վարիչ, տ․գ․թ․, դոցենտ Եվգենյա Բազինյանի աշխատանքային կենսագրությունն սկսվել և շարունակվում է ՀՊՏՀ-ում։ Ավարտական աշխատանքի պաշտպանության ժամանակ աչքի ընկած ուսանողուհուն առաջարկեցին շարունակել գիտահետազոտական աշխատանքը և դիմել ասպիրանտուրա։ Այդպես սկիզբ առավ նրա դասախոսական կարիերան՝ զուգակցված գիտահետազոտական աշխատանքով։ Չուշացավ նաև թեկնածուական ատենախոսության պաշտպանությունը, որին հաջորդեց ՀՊՏՀ ասպիրանտուրայի բաժինը ղեկավարելու առաջարկը։
Եվգենյա Բազինյանի աշխատանքային կարիերայի ներկայիս կանգառը ՀՊՏՀ տնտեսամաթեմատիկական մեթոդների ամբիոնն է, որը ղեկավարում է արդեն մեկ տարի։ Այս և նախորդ տարիներին, լինելով ամբիոնի դոցենտ, կարողացել է իր օրինակով ապացուցել, որ տարատեսակ իրավիճակներում տնտեսամաթեմատիկական մեթոդների միջոցով տվյալահեն որոշումների ընդունումը տնտեսական, մաթեմատիկական գիտելիքի, ինչպես նաև կենսական երևույթների յուրովի ընկալման և հետազոտման ցուցիչ է, որը, մասնագիտություն լինելուց զատ, վերածվում է կիրառական հմտության։
Տարիների ընթացքում աշխատանքի բազմաթիվ գայթակղիչ առաջարկներ է ստացել, բայց ասում է՝ հարազատ բուհից հեռանալ չի կարողանում․ «Չգիտեմ՝ այդ կապվածությունն ու կախվածությունը որտեղից եկավ։ Չեմ ընդունում, որ մարդիկ երկար ժամանակ են նույն տեղում աշխատում, բայց իմ գիտակցական կյանքի մեծ մասը՝ 22 տարի, անցել է ՀՊՏՀ-ում»։
Եվգենյա Բազինյանի համոզմամբ՝ դասախոսի համար գիտությամբ զբաղվելն առանցքային է, այս հարցում երկու կարծիք լինել չի կարող․ «Խունացած թղթերի ժամանակը վաղուց անցել է, ու եթե դու գիտությամբ չես զբաղվում, ապա չես կարող նույնիսկ թեզ ղեկավարել։ Կրկնուսույց դասախոսը չի կարող կենսունակ լինել, գոհացնել այն ուսանողին, որը համալսարանից դուրս հետաքրքրությունների լայն շրջանակ ունի։ Դասախոսը մշտապես պետք է լինի, այսպես ասած, թրենդային, ուսանողի համար մենթորի դեր կատարի՝ ուղղորդի նրան։ Անցել են այն ժամանակները, երբ տեղեկատվության հիմնական աղբյուրը դասախոսն էր, և հայալեզու մասնագիտական գրքերի սակավություն կար։ Հիմա՝ տեղեկատվության այս «տեղատարափի» օրերում, դասախոսը պետք է ձգտի առնվազն մեկ քայլ առաջ լինել և դառնալ այդ մենթորը»։
Իր անձի և գործունեության հանդեպ խստապահանջ մարդու դիրքերից Եվգենյա Բազինյանը ուշիուշով հետևում է գիտական զարգացումներին, գրում է, տպագրվում միջազգային հեղինակավոր ամսագրերում։ Համոզված է՝ չկա լոկալ գիտություն․ ինչով դու զբաղվում ես, ինչը հանրայնացնում ես, պիտի լինի միջազգային գիտական հանրույթի կողմից ընդունելի, հետևաբար, բավարար չէ միայն տեղական ամսագրերում տպագրվելը, միայն տեղական գիտնականների վստահությունն ունենալը։
Գիտնական-մանկավարժն այս պահին ներգրավված է համալսարանի հետազոտական խմբերում, «Ամբերդ» հետազոտական կենտրոնի փորձագիտական խորհրդի, ինչպես նաև Messenger of ASUE գիտական հանդեսի խմբագրական խորհրդի անդամ է, շուտով պատրաստվում է հրապարակել ևս 2 հոդված։
Ուշագրավ է, որ Եվգենյա Բազինյանը երբեք չի մոռանում, որ կին է և իր կանացիությունը, կերպարը, էությունը ներդնում է ոչ միայն աշխատանքում, այլև առօրյայում․ «Կանայք մշտապես ունեն իրենց ուրույն ասելիքն ու դերը։ Կին լինելու համար պետք չէ լինել գիտնական, բայց կին և գիտնական համադրությունը, ինչ խոսք, գեղեցիկ է»։