ՀՊՏՀ-ն թողարկում է 23 վիճակագիր. ամփոփիչ ատեստավորումը՝ ինֆորմատիկայի և վիճակագրության ֆակուլտետում
Դիտակետում պահելով 2020-2021 ուսումնական տարվա ՀՊՏՀ ամփոփիչ ատեստավորման գործընթացը՝ asue.am-ը մայիսի 25-ին այցելել է ինֆորմատիկայի և վիճակագրության ֆակուլտետ (գտնվում է Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում)։
Այս տարի ֆակուլտետն ունի 23 շրջանավարտ՝ վիճակագրություն մասնագիտության առկա բակալավրիատում։ Այսպիսով, ավարտական աշխատանքների պաշտպանությունները տեղի ունեցան մայիսի 25-26-ը։
Ամփոփիչ ատեստավորման հանձնաժողովի նախագահն էր «ՌԵԴԻՆԵՏ» ՓԲԸ տնօրեն Անդրանիկ Քարամյանը։
Մեզ հետ զրույցում ինֆորմատիկայի և վիճակագրության ֆակուլտետի դեկան Սոս Խաչիկյանը նշեց, որ ավարտական աշխատանքի թեմաներն արդիական են և վերաբերում են առողջապահական համակարգին, մակրոտնտեսական կանխատեսումներին, տվյալների վերլուծությանը, նորարարություններին և այլն։
«Մեր ուսանողներն աչքի են ընկնում վերլուծական մտածողությամբ, աշխատանքներում կիրառել են վիճակագրական արդի մեթոդներ, ներկայացրել արժեքավոր առաջարկություններ։ Ցանկանում եմ ընդգծել, որ վիճակագրի մասնագիտությունը դառնում է առավել պահանջված, և կարելի է ասել, որ մեր շրջանավարտները աշխատանք գտնելու խնդիր չեն ունենա։ ՀՊՏՀ-ն վիճակագիր պատրաստող միակ հայաստանյան բուհն է, մենք համագործակցում ենք գործատուների, ՏՏ ոլորտի առաջատար ընկերությունների հետ, որոնք հետաքրքրված են մեր ուսանողներով և առաջարկում են փորձառություն ու բարձր վարձատրվող աշխատանք»,-ասաց դեկանը։
Մենք զրուցել ենք նաև նորավարտների հետ, ովքեր, չնայած երկրի առջև ծառացած դժվարություններին, լավատեսորեն են տրամադրված ապագայի հանդեպ և գիտակցում են, որ մեծ անելիք ունեն։
Գերազանցության (Կարմիր) դիպլոմի հավակնորդներ Քրիստինա Բադալյանը և Մարիաննա Դանիելյանը նշեցին, որ այժմ, առավել քան երբևէ, վստահ են իրենց մասնագիտության ճիշտ ընտրության հարցում։ Նրանք որոշել են կրթությունը շարունակել նույն ֆակուլտետի մագիստրատուրայում՝ կիրառական վիճակագրություն և տվյալների գիտություն (Applied Statistics and Data Science) մասնագիտացմամբ։
«Ինձ համար վիճակագրությունը բոլոր մասնագիտությունների հիմքն է, և շատ ուրախ եմ, որ վիճակագիր եմ։ Ուսումնառությանս զուգահեռ աշխատել եմ և դեռևս 3-րդ կուրսում հասկացել եմ, որ մասնագիտական առումով ճիշտ ուղու վրա եմ»,-ասաց Մարիաննա Դանիելյանը։
Քրիստինայի խոսքով՝ երիտասարդ կադրերը տնտեսության զարգացման գործում հատուկ դերակատարում ունեն։
«Ինձ համար տնտեսագետը «բժիշկ» է, որի առաքելությունը տնտեսության առողջությունն ապահովելն է։ Դեռ ուսանողական տարիներից եմ աշխատում իմ մասնագիտությամբ. բանկում բիզնես-վերլուծաբան եմ։ Մրցունակ մասնագետ լինելու, հանրօգուտ գործունեություն ծավալելու համար մենք՝ երիտասարդներս, պետք է միշտ զարգանանք, սովորենք, ուստի կշարունակեմ կրթությունս իմ ՀՊՏՀ-ում և իմ ֆակուլտետում»,-ասաց Քրիստինան։
Իրավամբ, կրթությունը առողջ հասարակության և ամուր պետության հիմքերի հիմքն է, և մեր ապագան առաջադեմ, հուսավառ ու նախաձեռնող երիտասարդությունն է։
Բոլորին մաղթում ենք հաջողություն։
Լուսանկարները՝ երկու օրերի պաշտպանություններից
ՀՊՏՀ մարքեթինգի և հասարակայնության հետ կապերի բաժին