Ավարտական ստուգատեսը շարունակվում է

Դիտումների քանակ՝ 2783

Այսօր մեր համալսարանում ավարտական աշխատանք էին պաշտպանում միջազգային տնտեսական հարաբերություններ, բանկային գործ, մակրոտնտեսական քաղաքականություն և կանխատեսում մասնագիտությունների առկա բակալավրիատի 4-րդ կուրսեցիները: Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի լուսանկարչական խցիկը ամրագրեց ընթացիկ պատկերը, իսկ մենք՝ պաշտպանությունների արդյունքները:
Այսպիսով, մակրոտնտեսական քաղաքականություն և կանխատեսում մասնագիտությամբ այս կարևոր ստուգատեսի փորձությունն անցավ 10 շրջանավարտ՝ պաշտպանության ներկայանալով և՛ ավարտաճառով, և՛ տեխնիկապես լավ պատրաստված: Մակրոէկոնոմիկայի ամբիոնի վարիչի ժամանակավոր պաշտոնակատար Կարեն Գրիգորյանը մեզ հետ զրույցում նշեց, որ հիմնականում լավ ելույթներ են եղել: «Ամփոփիչ ատեստավորման հանձնաժողովի նախագահը՝ ՀՀ Ազգային ժողովի ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը, և՛ արդյունքների ամփոփումից առաջ փակ նիստին, և՛ արդյունքների հրապարակմանը իր գոհունակությունն արտահայտեց՝ շեշտելով հատկապես ավարտական աշխատանքների թեմաների արդիականությունը, հետաքրքրական լինելը: Սա, անշուշտ, նաև ամբիոնի գործունեության դրական գնահատականն է»,- ասաց ամբիոնի ղեկավարը՝ ընդգծելով Արմինե Սահակյանի հրաշալի ելույթը, որի համար խստապահանջ ու անաչառ հանձնաժողովը նրան շնորհել է ամենաբարձր 98 միավորը:
Պաշտպանության եզրափակմանը ներկա գտնվեց ՀՊՏՀ ռեկտոր Կորյուն Աթոյանը՝ ողջունելով հանձնաժողովին և շրջանավարտներին մաղթելով ավարտական կարևոր շրջափուլի հաջող եզրագիծ, որը կապահովի նոր ուսումնառության սկիզբը և մասնագիտական ճանապարհների վերելքը:
Բանկային գործ մասնագիտությամբ ավարտական աշխատանք է պաշտպանել 10 հոգի: Ամփոփիչ ատեստավորման հանձնաժողովի նախագահն է ՀՀ կենտրոնական բանկի նախագահի առաջին խորհրդական Հասմիկ Ղահրամանյանը:
Բանկային գործի և ապահովագրության ամբիոնի վարիչ Աննա Ասլանյանը սիրով մեզ տրամադրեց ավարտական աշխատանքների պաշտպանության պատկերը, ըստ որի 3 հոգի ստացել էր առավելագույն 100, իսկ գրանցված նվազագույնը 62 միավորն էր: Նա արձանագրեց, որ այս բարձր ցուցանիշներն իսկապես արտացոլում են ուսանողների գիտելիքի, պատրաստվածության և ճարտասանելու կարողության աստիճանը:
«Լավ արդյունքը պայմանավորված է մեր շրջանավարտների տեսական ու գործնական գիտելիքների համադրումով. բոլորն էլ ուսմանը զուգահեռ աշխատում են, ուսումնառության ընթացքում մասնակցել են «Արարատբանկի» կազմակերպած վերապատրաստման դասընթացներին»,- ասաց Աննա Ասլանյանը՝ ավելացնելով, որ գալիք օրերին մյուս խմբերում նույնպես բարձր ցուցանիշներ են ակնկալում:
Հիշեցնենք՝ ավարտական աշխատանքների և մագիստրոսական թեզերի պաշտպանությունն այս տարի բակալավրիատի և մագիստրատուրայի առկա ուսուցման շրջանավարտների համար սահմանված է ապրիլի 25-ից մայիսի 28-ը, բակալավրիատի հեռակա ուսուցման շրջանավարտների համար՝ մայիսի 29-ից հունիսի 20-ն ընկած ժամանակահատվածը:

ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին