ՀՊՏՀ գիտնականը մասնակցել է Համառուսաստանյան գիտահետազոտական ինստիտուտի կոնֆերանսին
ՀՊՏՀ բնօգտագործման տնտեսագիտության ամբիոնի վարիչ, տ.գ.դ., պրոֆեսոր Սուրեն Գևորգյանը ապրիլի 15-21-ը Ռուսաստանի Զվենիգորոդ քաղաքում մասնակցել է Համառուսաստանյան գիտահետազոտական ինստիտուտի կողմից կազմակերպված կոնֆերանսին:
Ինչպես լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժնին հայտնեց Սուրեն Գևորգյանը, նախապես իր զեկուցումն ուղարկել է կոնֆերանսի կազմկոմիտեին, որի կողմից ելույթն ընտրվել է, ապա իրեն հրավեր է ուղարկվել: Կոնֆերանսին ՀՊՏՀ ներկայացուցիչը հանդես է եկել «Կայուն զարգացման էկոլոգոտնտեսական մեխանիզմները» թեմայով: Կոնֆերանսին մասնակցել են շուրջ 150 հոգի, ինչպես նաև Ռուսաստանի առաջատար բուհերի շուրջ 30 գիտնականներ: Սուրեն Գևորգյանն իր զեկուցումը կարդացել է երիտասարդ գիտնականների համար. կոնֆերանսի ավարտին նա կազմկոմիտեի նախագահի կողմից արժանացել է շնորհակալագրի՝ լավագույն տնտեսագիտական ելույթի համար, ինչպես նաև հավաստագրի:
«Նման կոնֆերանսներին մասնակցությունը շատ կարևոր է և՛ մեր համալսարանի, և՛ մեր ամբիոնի համար, որովհետև առիթ է ընձեռվում նոր գործընկերներ ձեռք բերելու, ինչպես նաև՝ նոր ծրագրեր նախանշելու: Ինչքան մեր բուհից շատ գիտնականներ մասնակցեն այսպիսի միջոցառումների, այնքան կշահի համալսարանը և նրա հեղինակությունը: Իսկ մենք, ի պատիվ մեր բուհի, ունենք այնպիսի գիտնականներ, որոնք դրսում կարող են ներկայացնել իրենց մասնագիտական ոլորտները»,- նշեց Սուրեն Գևորգյանը:
ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին