Քննարկման կիզակետում` հանրային կապերը. ՀՊՏՀ-ում էր PR մասնագետ Աստղիկ Ավետիսյանը

Դիտումների քանակ՝ 1373

ՀՊՏՀ շարունակական կրթության և կարիերայի բաժնի հրավերով այսօր ուսանողների համար «PR. ինչպես հանրայնացնենք մեզ և մեր աշխատանքը» թեմայով դասախոսություն կարդաց «Հայկական ՓԻ ԱՐ ասոցիացիա» գիտատեղեկատվական ՀԿ նախագահ, բ.գ.թ., դոցենտ Աստղիկ Ավետիսյանը:
Հանդիպմանը ներկա էին կազմակերպիչ բաժնի պետ Աիդա Առուստամյանը և աշխատակիցները, մարքեթինգի ամբիոնի դոցենտ Լիլիթ Դադայանը: Մասնակիցների գերակշռող մասը մարքեթինգային հաղորդակցություններ մասնագիտացման մագիստրանտներ էին: Արտալսարանային դասն անցավ ինտերակտիվ ձևաչափում:
Զարգացող ու ընդգրկուն մասնագիտության՝ PR-ի էությունն ու դերը մեկնաբանվեց նոր լույսի ներքո. հանրային կապերի տեսության հիմունքները Աստղիկ Ավետիսյանը լուսաբանեց ներքաղաքական վերջին իրադարձությունների օրինակներով, մասնագիտական տեսանկյունից վերլուծեց կոնկրետ իրողություններ (օրինակ՝ «Թավշյա հեղափոխություն»), որոնց հաջողության հիմքում գրագետ PR մոտեցում էր: Լսարանը ներգրավվեց հատկապես իմիջմեյքինգին, սփիչռայթինգին, լոբբիզմին վերաբերող հարցերի քննարկմանը՝ արտահայտելով կարծիքներ: Բովանդակային ու մեկնաբանություններով հագեցած էր նաև հանդիպման հարցուպատասխանի հատվածը:
Դասի ավարտին, ՀՊՏՀ լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի հետ զրույցում, մարքեթինգային հաղորդակցություններ մասնագիտության մագիստրատուրայի 2-րդ կուրսի ուսանողուհի Սեդա Սարգսյանը նշեց, որ արտալսարանային հանդիպումները հրաշալի հնարավորություն են ուսանողի համար՝ ամրապնդելու ուսումնական դասաժամերին ստացած գիտելիքներն ու գործնական ոլորտի փորձաշատ մասնագետների օգնությամբ դրանք ամբողջացնելու:

ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին