Հանուն հայրենիքի սրբազան պարտքի․ ՀՊՏՀ-ական Ժորա Մարդանյանի անունն անմահ է

01.02.2021
Դիտումների քանակ՝ 1782

Ցավով ենք հայտնում, որ Արցախա-ադրբեջանական պատերազմում զոհվել է ՀՊՏՀ կառավարման ֆակուլտետի կառավարում մասնագիտության 1-ին կուրսեցի (հեռակա) Ժորա Արմենի Մարդանյանը:

Նա բանակ էր զորակոչվել մեկ տարի առաջ՝ 2020թ. հունվարի 29-ին: Դեկան Մանուկ Մովսիսյանի փոխանցմամբ՝ Ժորան ուսումնատենչ, լուսավոր ու բարի տղա էր:

ՀՊՏՀ լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժինը մեկ տարի առաջ Ժորա Մարդանյանին հանդիպել է բուհի ընդհանուր բաժնում.  Հայոց բանակի տոնին ընդառաջ, բանակի 28-ամյակին նվիրված հատուկ ռեպորտաժ էինք պատրաստում՝ զրուցելով բանակից վերադարձած ու բանակ մեկնող ուսանողների հետ: Մեր հերոսներից մեկը Ժորան էր, պատիվ ենք ունեցել զրուցելու հայրենիքի անմահ զինվորի հետ: Այդ օրը նա անչափ ուրախ ու հպարտ էր նրա համար, որ մեկնում է սրբազան պարտքը կատարելու: ժպտերես երիտասարդը սիրով պատասխանեց մեր հարցերին՝ ասելով, որ ամեն ինչ լավ կլինի:

«Բանակ եմ գնում որոշակի գիտելիքով զինված, տիրապետում եմ զենքից օգտվելու կանոններին, ռազմագիտությանը: Կուզեմ, որ յուրաքանչյուրը մեկնի այն գիտակցումով, որ իրեն տանը սպասող կա, և մեկնողներին կմաղթեմ այն, ինչ ինձ եմ ցանկանում՝ բարի ու անփորձանք ծառայություն»,-մեզ հետ զրույցում բանակ մեկնելիս օրեր առաջ նշել էր Ժորան:

Հավերժ փառք, հայրենիքի անմ´ահ հերոս:

ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին