Օտարերկրյա ուսանողի ուսումնական փորձառությունը ՀՊՏՀ-ում

23.08.2024
Դիտումների քանակ՝ 836

Հուլիսի 1-ից օգոստոսի 23-ը ՀՊՏՀ-ում ուսումնական փորձառություն է անցել ԱՄՆ-ի Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտի (Massachusetts Institute of Technology, MIT) Հումանիտար և հասարակական գիտությունների դպրոցի մաթեմատիկական տնտեսագիտության և ֆինանսների ֆակուլտետի ուսանող Պիտեր Չենը։

Օտարերկրյա ուսանողը ուսումնական փորձառությունն անցել է ՀՊՏՀ «Ամբերդ» հետազոտական կենտրոնում՝ զուգահեռաբար աշխատելով փոխտնօրեն-ավագ փորձագետ, ք.գ.դ. Վարդան Աթոյանի, ավագ հետազոտող, տ.գ.թ., դոցենտ Աննա Փախլյանի և կրտսեր հետազոտող Ռուզաննա Թադևոսյանի ղեկավարությամբ: Վերջիններիս աջակցությամբ Պիտեր Չենը ծանոթացել է ինքնուրույն հետազոտական աշխատանք կատարելու հմտություններին, սովորել օգտվել միջազգային խոշոր տվյալների բազաներից, կատարել համեմատական վերլուծություն:

Ներդրումների գլոբալ միտումների ուսումնասիրության և առանձին երկրներում օտարերկրյա ներդրումների ծավալների համեմատական վերլուծության արդյունքում պատրաստված նրա հոդվածը՝ Global Investment Trends: A Comparative Analysis of Structures in Sudan, Uzbekistan, Armenia, and the USA, խմբագրական խորհրդի կողմից հավանության արժանանալու դեպքում կարող է հրապարակվել «Ամբերդ» տեղեկագրում:

«Ամբերդ» հետազոտական կենտրոնում Պիտեր Չենն ընդգրկվել է ընթացիկ հետազոտական ծրագրերից մեկում՝ «Իրան-ԵԱՏՄ ազատ առևտրի համաձայնագրի կնքման արդյունքում փոխադարձ առևտրի աճի կանխատեսում», ինչը նրան հնարավորություն է տվել պատկերացում կազմելու Հայաստանի արտաքին տնտեսական կապերի մասին։

Լինելով 2-րդ կուրսի ուսանող՝ Պիտերն առաջին անգամ էր ընդգրկվում հետազոտական աշխատանքներում և ծանոթանում հետազոտություն կատարելու մեթոդներին։ «Ամբերդի» մեր գործընկերները կարծում են, որ ձեռք բերած գիտելիքները օգտակար կլինեն և կմոտիվացնեն Պիտերին՝ հետագայում ևս զբաղվելու հետազոտական գործունեությամբ։

Պիտեր Չենին հյուրընկալել են ՀՊՏՀ արտաքին կապերի դեպարտամենտի տնօրեն Լուսինե Դանիելյանը, միջազգային կապերի բաժնի աշխատակիցները։

Հայաստան այցի ընթացքում նա ծանոթացել է նաև մեր երկրի և մայրաքաղաքի պատմամշակութային ժառանգությանը, այցելել տեսարժան վայրեր և հարստացրել այդ ամենը մարդկային ջերմ հաղորդակցմամբ։

«Հայաստանից, հայկական մշակույթից և մարդկանց հետ շփումներից ստացած տպավորություններս վառ են և անմոռանալի, հետաքրքիր ու հագեցած ժամանակաշրջան էր իմ կյանքում։ Առաջին անգամ էի ոչ միայն Հայաստանում, այլև տարածաշրջանում, հետևաբար ամեն բան նոր էր՝ մշակույթ, նիստուկաց, միջավայր։ Տնտեսագիտական համալսարանը ինձ շատ ջերմ ընդունեց, և փորձառությունս շատ արդյունավետ ընթացք ունեցավ: «Ամբերդի» փորձառու հետազոտող գիտնականների ղեկավարությամբ և աջակցությամբ գիտահետազոտական հոդված գրելու հմտություններ ձեռք բերեցի, ստեղծագործական կարողություններ զարգացրեցի»,- asue.am-ի հետ զրույցում ասաց Պիտեր Չենը՝ շնորհակալություն հայտնելով այն ջանքերի համար, որ մեր համալսարանը ներդրել է իր փորձառությունը բարձր մակարդակով կազմակերպելու գործում։ Նա ավելացրեց նաև, որ սիրով կերաշխավորի և կուղղորդի իր դասընկերներին՝ մեկնել Հայաստան և ուսումնառել ՀՊՏՀ-ում։