Սպիտակի ավերիչ երկրաշարժի 32-րդ տարելից. դաս-սեմինար` ՀՊՏՀ-ում
Այսօր Սպիտակի ավերիչ երկրաշարժի 32-րդ տարելիցն է: Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանում դեկտեմբերի 7-ին ավանդաբար կազմակերպվում են ոչ միայն հիշատակի միջոցառումներ, այլև իրազեկող սեմինարներ, որոնք ուղղված են այդ ողբերգական իրադարձության վերլուծությանը, հետևանքների գնահատմանը և ունեն կարևոր մի նպատակ` իրազեկել հանրությանը` դրանով պատրաստելով նոր աղետների, որոնցից, մասնագետների պնդմամբ, հնարավոր է դուրս գալ շատ ավելի քիչ մարդկային ու նյութական կորուստներով, եթե լինենք պատրաստված և իրազեկ:
Այսօր ՀՊՏՀ ֆիզդաստիարակության, արտակարգ իրավիճակների և քաղպաշտպանության ամբիոնի դոցենտ, մեր համալսարանի քաղաքացիական գործառույթների պատասխանատու Սիրանուշ Հարությունյանի և նույն ամբիոնի դասախոս Նեդա Պետրոսյանի նախաձեռնությամբ մարքեթինգ մասնագիտության առաջին կուրսի 2-րդ հոսքում անցկացվեց դաս-սեմինար` նվիրված Սպիտակի երկրաշարժի 32-րդ տարելիցին` «Աղետների ռիսկերի կառավարում» խորագրով: Առցանց դաս-սեմինարին մասնակցում էին մարքեթինգի և բիզնեսի կազմակերպման ֆակուլտետի դեկան Նարեկ Կեսոյանը, դեկանի տեղակալ Արա Մկրտչյանը, ֆիզդաստիարակության, արտակարգ իրավիճակների և քաղպաշտպանության ամբիոնի վարիչ Հովհաննես Գաբրիելյանը, որպես հյուրեր` հրավիրված էին Աղետների ռիսկերի նվազեցման ազգային պլատֆորմի (ԱՌՆԱՊ) փորձագետ Վահան Հարությունյանը և ԱԻՆ Կենտրոն համայնքի գլխավոր մասնագետ Գայանե Հայրապետյանը:
Բացելով հանդիպումը և շնորհակալություն հայտնելով հյուրերին ու գործընկերներին` Սիրանուշ Հարությունյանը խնդրեց մեկ րոպե լռությամբ հարգել Սպիտակի երկրաշարժի և Արցախյան պատերազմի զոհերի հիշատակը: Այնուհետև, անդրադառնալով օրվա թեմային, Սիրանուշ Հարությունյանը նշեց, որ Սպիտակի երկրաշարժը 20-րդ դարի 19 ամենաավերիչ և սոսկալի երկրաշարժերից էր, որը խլեց մարդկային բազում կյանքեր և հանգեցրեց նյութական մեծ կորուստների (25.000 զոհ, 500000 անօթևան, 80.000 հաշմանդամ): Նա կարևորեց աղետներին պատրաստված և իրազեկ լինելը և հույս հայտնեց, որ հիշատակի այս միջոցառումները կդառնան լիարժեք հարթակ, որտեղ ուսանողները կպատրաստվեն աղետներին, կլինեն գրագետ և տեղեկացված` այդպիսով նվազեցնելով աղետների ռիսկերը: «Չպետք է մոռանանք այն կարևոր խոսքը, որ ով իրազեկված է, նա պաշտպանված է»,- ընդգծեց բանախոսը:
Այնուհետև Սիրանուշ Հարությունյանը խոսքը տրամադրեց ուսանողներին, որոնք լուսանկարային շարքերով և տեսանյութերով պատկերավոր ձևով անդրադարձան օրվա թեմային, մասնավորապես Սպիտակի երկրաշարժին, դրա հետևանքներին, երկարաշարժերի ծագմանը, երկրաշարժերի ուժգնության չափմանը, դրա նախապատրաստմանը, հետևանքների վերականգնմանը և այլն:
Ելույթ-շնորհանդեսով հանդես եկավ ԱՌՆԱՊ փորձագետ Վահան Հարությունյանը` նշելով` հուսադրող է, որ բուհերում դեռևս հիշում են 1988թ. աղետալի երկրաշարժը և ուշադրություն դարձնում իրազեկման աշխատանքներին: Փորձագետը իր խոսքում հիմնականում անդրադարձավ Սպիտակի երկրաշարժի պատճառներին: Նրա խոսքով, Սպիտակի երկրաշարժը ամենաուսումնասիրվածներից էր, սակայն պետք է դասեր քաղել, քանի որ Հայաստանի 90 տոկոսից ավելին գտնվում է սեյսմիկ գոտում: Անդրադառնալով այս երկրաշարժի պատճառներին` Վահան Հարությունյանը նշեց, իր խոսքով, հիմնական սխալները` սեյսմիկ վտանգի սխալ գնահատում (գնահատվել էր 7 բալ, մինչդեռ պետք է գնահատվեր 9 բալ), ըստ գնահատման սխալ է կատարվել շենքերի կառուցումը, իսկ բնակիչների կողմից շենքերում ապօրինի շինարարական փոփոխությունները հանգեցրել են շենքերի հավասարակշռության կենտրոնների թուլացմանը: «Այս հիմնական պատճառներն էլ բերեցին մեծածավալ փլուզումների»,- ասաց փորձագետը` միաժամանակ այս պատճառներին հավելելով իշխանությունների և բնակչության ցածր պատրաստվածությունը, փրկարարական աշխատանքների կազմակերպման ցածր մակարդակը:
Նեդա Պետրոսյանը ներկայացրեց, թե ինչպես աշխարհն արձագանքեց Սպիտակի երկրաշարժին: Նրա խոսքով, այս ողբերգական աղետին արձագանքեցին աշխարհի ավելի քան 110 երկիր, ՄԱԿ-ը, ինչպես նաև միութենական բոլոր պետությունները, որոնք ոչ միայն հոմանիտար աջակցություն ուղարկեցին, այլև շինանյութեր, դեղորայք, տեխնիկա, մասնագիտական օգնություն: «Նշվում էր, որ 2 տարում երկրաշարժի բոլոր հետևանքները կվերականգնվեն, սակայն սկսվեց Արցախյան պատերազմը և գործընթացը կիսատ մնաց, թեև միջազգային կազմակերպությունների ջանքերով մեծ աշխատանք կատարվեց, վերակառուցվեցին թաղամասեր, հիվանդանոցներ, դպրոցներ: Հատկապես ցանկանում եմ կարևորել սեյսմիկ կայանների, ինչպես նաև երկրադիտարանի վերազինումը, ԱՌՆԱՊ-ի ստեղծումը, ինչը մեծ կարևորություն ունի աղետների ռիսկերի նվազեցման գործում»,- ասաց Նեդա Պետրոսյանը:
Ելույթներին հաջորդեց հարց ու պատասխանը, իսկ ավարտին Սիրանուշ Հարությունյանը շնորհակալություն հայտնեց մասնակիցներին`հույս հայտնելով, որ հետագա միջոցառումները նվիրված կլինեն մեր երկրի վերելքին ու հաջողություններին, որ հայրենիքի շենացման և զարգացման համար գործի կդրվեն բոլոր ջաները: Սիրանուշ Հարությունյանը նաև հատուկ շնորհակալություն հայտնեց ուսանողներին միջոցառմանը պատշաճ պատրաստվելու և հետաքրքրական տեղեկատվություն ներկայացնելու համար: ԱՌՆԱՊ փորձագետ Վահան Հարությունյանն էլ հավելեց, որ ՀՀ Կառավարության որոշմամբ, դեկտեմբերի 7-ը նշվում է նաև որպես Աղետների դիմակայության օր, ինչը խորհրդանշական է և մեզ ստիպում է մտածել գրագետ դիմակայման և աղետներից հնարավորինս արագ դուրս գալու կարևորության մասին:
ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին