Ռուսաց լեզվի օլիմպիադայից մինչև ամառային դպրոց
Աննա Սմբատյանը սովորում է ՀՊՏՀ կառավարման ֆակուլտետի «Կառավարում» մասնագիտության 2-րդ կուրսում։ 2024 թ․ մայիսին նա մասնակցել է ռուսերենի օլիմպիադայի, որը Երևանի պետական համալսարանում կազմակերպվել էր Հայաստանում ռուսական տան կողմից։ Օլիմպիադայի մասին Աննային տեղեկացրել էր նրա ռուսաց լեզվի դասախոսը՝ ՀՊՏՀ լեզուների ամբիոնի դոցենտ, բ․գ․թ․ Մարինա Աբրահամյանը և, իհարկե, իր սիրելի ուսանողուհուն օգնել էր նախապատրաստվել մրցույթին։
Ալեքսանդր Պուշկինին նվիրված էսսեների մրցույթի արդյունքներով հայտնվելով լավագույն հնգյակում՝ Աննան հնարավորություն էր ստացել մասնակցելու «Ամառային համալսարան–2024» 4-րդ միջազգային կրթական նախագծին։
Հուլիսի 8-22-ը ՌԴ Եկատերինբուրգ քաղաքում՝ Ուրալի դաշնային համալսարանում, նա մասնակցում է ամառային դպրոցին, որն ընթանում էր հումանիտար, տնտեսագիտական, ինժեներական, իրավագիտական, համակարգչային գիտությունների ուղղություններով։
«Բիզնես 5․0․ նոր որոշումներ և թվային դարաշրջանի առաջնորդներ» տնտեսագիտական ուղղվածությամբ «Բիզնեսի զարգացման արդի նորաստեղծական տեխնոլոգիաների սկզբունքները» ծրագրին մասնակցության համար թիմը, որի 5 անդամներից մեկը Աննան էր, 100-ից 88 միավոր է վաստակում և արժանանում հավաստագրի։ Թիմը ներկայացրել էր բիզնեսի թվային վերափոխումների մի նախագիծ, որն իր կիրառությունը կարող է ստանալ բանկային համակարգում։
Մեր ուսանողուհին ակտիվ մասնակցություն է ցուցաբերում «Ամառային համալսարան» նախագծի կրթական և մշակութային բոլոր միջոցառումներին՝ դասախոսություններ, վարպետության դասեր, էքսկուրսիաներ, հյուրասիրության երեկոներ, և հայաստանյան պատվիրակության մյուս անդամների հետ միասին ներկայացնում հայկական մշակույթը՝ երգը պարը, կոմիտասյան երաժշտությունը, ազգային ուտեստները։