«Ամեն ինչ իրագործելի է և անհնարին ոչինչ չկա». համոզված է հանրապետության լավագույն ուսանողներից մեկը՝ Գագիկ Հակոբյանը
2018 թվականի «Լավագույն ուսանող» հանրապետական մրցույթի հաղթողները փետրվարի 15-ին պարգևատրվեցին մեր համալսարանում: Արարողությանը ներկա էին ՀՀ կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանը, նախարարի տեղակալ Գրիշա Թամրազյանը, ՀՊՏՀ ռեկտորի պաշտոնակատար Ռուբեն Հայրապետյանը, համալսարանների ռեկտորներ, պրոռեկտորներ, դասախոսներ, ուսանողներ, ծնողներ:
Ֆինանսական ֆակուլտետի ապահովագրական գործ մասնագիտության 4-րդ կուրսի ուսանող Գագիկ Հակոբյանը հասարակագիտության ոլորտում բակալավրի կրթական ծրագրով զբաղեցրեց առաջին տեղը՝ բարձր պահելով հարազատ համալսարանի, դասախոսների և իր անունը: Այսօր Գագիկը սիրով համաձայնել է զրուցել մեզ հետ:
– Ինչպե՞ս տեղեկացար հանրապետության լավագույն ուսանող ճանաչվելու մասին, ի՞նչ զգացիր, ի՞նչ մտքեր «այցելեցին» առաջին պահին:
– Հավակնորդ էի, փուլերով անցել էի, ու երկար ժամանակ արձագանք չկար, արդեն չէի սպասում, այլ մրցույթների էի պատրաստվում:
… Զանգ եկավ, Կրթության և գիտության նախարարությունից էր, ասացին՝ ճանաչվել եմ հաղթող և տեղեկացրին օրը, ժամը և վայրը: Այդ օրերին «Ռոսգոսստրախ Արմենիա» ապահովագրական ընկերությունում նոր էի փորձառություն սկսել, գնացի, ու հրճվանքս այնքան մեծ էր, որ ուզում էի բոլորին տեղեկացնել: Հաջորդ օրը կրկին զանգ եկավ, համարը ճանաչեցի, նախարարությունից էր. չպատասխանեցի՝ վախենալով, որ հնարավոր է թյուրիմացություն է եղել, ու ես չեմ հաղթողը (ծիծաղում է. (հեղ.)): Կես ժամ անց կրկին զանգեցին, գոտեպնդվեցի ու պատասխանեցի. միայն տեղեկացրին, որ մրցանակաբաշխության ժամն է փոխվել: Սակայն դեռևս չգիտեի, որ հենց առաջին մրցանակի եմ արժանացել: Մրցույթի իրական մասշտաբներն ու հաջողությանս կարևորությունը զգացի ու ճաշակեցի համալսարանում՝ հանդիսավոր արարողությանը: Հպարտ էի:
– Մրցույթի կարգի համաձայն՝ հավակնորդը պետք է բարձր առաջադիմություն ցուցաբերի և որոշակի հաջողություններ ունենա իր ընտրած մասնագիտական ոլորտում: Եթե փաստագրենք՝ որքա՞ն է միջին որակական գնահատականդ, ի՞նչ գիտաժողովների, ՈՒԳԸ նստաշրջանի, աշխատաժողովի ես մասնակցել:
– 4-րդ կուրսի առաջին կիսամյակի դրությամբ հանրագումարային ՄՈԳ-ս ավելի քան 99,5 էր: Գիտաժողովների մասնակցության և հետազոտական աշխատանքի փորձառությունս սկսել եմ 2-րդ կուրսից՝ 2017 թվականից՝ Level-Up ուսանողական աշխատաժողովում, ներկայացրել էի պետական պարտքի կառավարման վերաբերյալ հոդված: Այնուհետև սկսեցի գործնական աշխատանքի հետ առնչվել. մասնակցում էի ինտերշիփների, դասերից հետո «Ինգո Արմենիայի» 3 տարբեր բաժիններում փորձառություն էի անցնում, «Ռոսգոսստրախում» վարպետության դասերի մասնակցում: Առաջին հոդվածս՝ «Հանրային ծախսերի արդյունավետության գնահատման մեթոդաբանություն», հրատարակվել է «Ֆինանսներ և էկոնոմիկա» հանդեսում, 2018-ի գարնանը ՈՒԳԸ նստաշրջանում հանդես եկա «Գյուղատնտեսական ապահովագրության համաշխարհային փորձի ուսումնասիրություն» զեկուցմամբ, որը շուտով կտպագրվի ՈՒԳԸ ժողովածուում, ևս մեկ աշխատանք՝ «Գուղատնտեսության ապահովագրության ներդրման ուղենիշները ՀՀ-ում» արդեն տպագրվել է «Ճգնաժամային կառավարում և տեխնոլոգիաներ» ամսագրում, «Բանբեր ՀՊՏՀ» առաջիկա համարում կլինի «Կյանքի որակի գնահատման բաղադրյալ ցուցանիշները» հոդվածը, իսկ ռուսալեզու «Տարածաշրջան և աշխարհ» (Регион и мир) գիտավերլուծական ամսագրում «Տնտեսական շահերի կոորդինացման մակարդակի գնահատման մեթոդաբանություն» հոդվածով հանդես կգամ: Նաև շատ եմ կարևորում երիտասարդ հետազոտողների հետ համագործացությունն ու փոխշփումները. անցյալ տարի մասնակցել եմ ՌԴ «Տնտեսագիտության բարձրագույն դպրոց» ազգային հետազոտական համալսարանի (ВЫШКА) կազմակերպած միջազգային ամառային դպրոցին, որն անցկացվում էր Պլեխանովի անվան Ռուսաստանի տնտեսագիտական համալսարանի երևանյան մասնաճյուղում՝ «Զարգացող տնտեսությունների մարտահրավերները» խորագրով: Սա ինձ համար միջազգային համալսարաններում ուսանած ասպիրանտների, մագիստրանտների հետ աշխատելու, համագործակցության հրաշալի հնարավորություն էր: Այժմ էլ կապ եմ պահպանում նրանց հետ, պատրաստվում ենք համատեղ հոդվածներ հեղինակել:
– Գիտական-հետազոտական աշխատանքում ո՞վ է ղեկավարում և ուղղորդում քեզ:
– Գյուղատնտեսության ապահովագրության թեմայով ուսումնասիրություններս կատարում եմ դոցենտ, «Արմենիա ինշուրանս» ընկերության գործադիր տնօրեն Արման Դաղունցի գիտական ղեկավարությամբ: Այժմ նրա մասնագիտական հովանու ներքո «Ապահովագրական ընկերությունների ներդրումային գործունեության առանձնահատկությունները» թեմայով դիպլոմային աշխատանքս եմ կատարում, ուսումնասիրում եմ ամերիկյան, եվրոպական, ռուսական աղբյուրներ, ապահովագրական ընկերությունների կայքէջեր: Ցանկանում եմ, որ աշխատանքում գիտական բաղադրիչը զգալի լինի և նորույթ պարունակի: Հուսամ՝ արդյունքը կգոհացնի և՛ ինձ, և՛ դասախոսներիս:
– Հավանաբար, հանրապետության լավագույն ուսանող ճանաչվելը վերաիմաստավորման ու ապագայի ծրագրերի նոր հնարավորություն է քեզ համար: Արդյո՞ք այն ավելացրեց ինքնավստահությունդ, վճռականությունդ:
– Այո՛, իհարկե: Այս մրցանակը խրախուսում ու գնահատում է իմ 4 տարվա ջանքերը, մոտիվացնում, նոր լիցքեր հաղորդում: Այդ ոգևորության ազդեցությամբ ևս մեկ ռուսերեն հոդված եմ գրել, որը գրախոսության փուլում է:
– Ի՞նչ նշանակալի իրադարձություններ են եղել քո կյանքում, որոնք կերտել են բնավորությունդ, կամքդ, թևեր տվել երազանքներիդ:
– Ընտանիքիս գործոնն ամենաէականն է, իմ ընտանիքում աներկբա ասվել է. եթե ցանկանում ես հաջողություն ունենալ, ապա պետք է լավ սովորես: Օրինակ, ընտանիքներ կան, որտեղ կարևորվում է ձեռներեց լինելը, ճկունությունը, հովանավորչությունը:
Անկեղծ ասած՝ ինձ վրա մեծ ազդեցություն է ունեցել ու մոտիվացրել է մարդկանց թերահավատությունը. որ չեմ կարող ինչ-ինչ հաջողություններ ունենալ, մրցակցությունն և սուբյեկտիվիզմը կարող են կոտրել ինձ: Օրինակ, ուսուցիչներս չէին հավատում որ իմ՝ անվճար սովորելու ձգտումը իրականանալի է, սակայն ես ապացուցեցի և ընդունելության քննությունները լավ հանձնեցի. օտար լեզվից 20, մաթեմատիկայից և հայոց լեզվից 19.75 ստանալով՝ կարողացա պետպատվեր համակարգում նվաճել իմ տեղը:
Կարծում եմ՝ հասունացմանս զուգընթաց շրջադարձային է եղել Տնտեսագիտական համալսարան ընդունվելը, այնուհետև արհեստավարժ ու գիտակ դասախոսները ձևավորել են և շարունակում են ձևավորել իմ աշխարհայացքը, վճռականությունը, ինքնուրույն առաջ շարժվելու կամքը:
– Ընտրածդ մասնագիտությունը՝ ապահովագրական գործը և համապատասխան աշխատաշուկան ինքնիրացման ու առաջխաղացման հնարավորություններ են ընձեռում: Բակալավրիատն ավարտելուց հետո ի՞նչ ես ծրագրում. աշխատե՞լ, ուսանել մագիստրատուրայո՞ւմ, գուցե՝ գիտությա՞մբ զբաղվել:
– Բոլորը միաժամանակ՝ մագիստրատուրա (դեռևս չեմ որոշել որ մասնագիտությամբ), փորձառություն, գիտական աշխատանք: Գիտությունը գործնական աշխատանքից չի կարող զատվել: Մեր համալսարանի ռեկտորի պաշտոնակատար պարոն Հայրապետյանն էլ իր ելույթներում կատարում է այս շեշտադրումը: Գիտությունն ու գործնական աշխատանքը երկու զուգահեռներ են՝ փոխլրացնող, միմյանց արդյունավետությունն ապահովող: Չեմ դադարում երազել նաև արտասահմանում ուսումնառելու մասին:
Այո՛, ապահովագրության ոլորտը գործնական աշխատանքի հնարավորություն է ընձեռում և նաև Հայաստանում զարգացման մեծ հեռանկարներ ունի, կարող է մեծ օգուտ բերել երկրին. օրինակ՝ աշխարհում, երկրների տնտեսական աճի և ՀՆԱ կազմում, ապահովագրությունը ունի գերակշիռ դիրք, իսկ մեր երկրում այն նշանակալի չէ, սակայն, ըստ իս, դեռևս՝ ժամանակավորապես: Առաջիկայում նախատեսվում է ներդնել գյուղատնտեսության և առողջության պարտադիր ապահովագրություն, որը նոր թափ կհաղորդի ոլորտին:
Մի խոսքով, կարծում եմ, որ կրթության, հետազոտության և գործնական աշխատանքի լիարժեք համատեղումը դրական արդյունք է խոստանում:
– Քո կարգախոսը, այն առաջնորդող թեզը, որին անվերապահ հավատում ու հետևում ես:
– Վստահ եմ՝ ամեն ինչ իրագործելի, է և անհնարին ոչինչ չկա: Գլխավորը ցանկությունն է, հավատը սեփական ուժերին:
– Շնորհակալություն, Գագի՛կ, հաջողություն ու վերելքներով լի ճանապարհ ենք մաղթում քեզ, իսկ մեր ուսանողներին՝ քո հրաշալի օրինակին հետևելու բարի կամք:
ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին