Տնտեսագիտական համալսարանն ու IDeA հիմնադրամը փոխըմբռնման հուշագիր ստորագրեցին

Դիտումների քանակ՝ 1491

Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանում (ՀՊՏՀ) այսօր տեղի ունեցավ Տնտեսագիտական համալսարանի և «Հայաստանի զարգացման նախաձեռնություններ» (IDeA) հիմնադրամի միջև փոխըմբռնման հուշագրի ստորագրման հանդիսավոր արարողություն: Հուշագիրը ստորագրեցին ՀՊՏՀ ռեկտորի պաշտոնակատար, տ.գ.դ., պրոֆեսոր Ռուբեն Հայրապետյանը և IDeA հիմնադրամի տնօրեն Րաֆֆի Պաղճեանը:

Համագործակցության հուշագիրը սահմանում է կրթության որակի բարձրացմանն ուղղված համատեղ միջոցառումների ձեռնարկում՝ համատեղ հետազոտությունների իրականացում, IDeA հիմնադրամի ներկայացուցիչների հանդիպումներ ՀՊՏՀ ուսանողների և դասախոսների հետ, դասախոսությունների կազմակերպում IDeA հիմնադրամի գործունեության ոլորտին վերաբերող հարցերի շուրջ, համատեղ կլոր սեղանների, գիտաժողովների, թեմատիկ սեմինարների, դատախաղերի և գիտագործնական միջոցառումների կազմակերպում, փոխայցելություններ, ուսանողների ընդգրկում հիմնադրամի տարբեր ձեռնարկներում, ծրագրերում, ՀՊՏՀ ուսանողների արտադրական-ուսումնական պրակտիկայի կազմակերպում IDeA հիմնադրամում, աջակցություն ուսանողների աշխատանքի ներգրավման գործընթացին, ՀՊՏՀ ծրագրերի շրջանակներում IDeA հիմնադրամի մասնագետների ընդգրկում՝ որպես դասախոսներ, ինչպես նաև ՀՊՏՀ պրոֆեսորադասախոսական կազմի ներգրավում IDeA հիմնադրամի միջոցառումներում:

«Սա մեզ համար շատ կարևոր միջոցառում է, որովհետև IDeA հիմնադրամը մեծ կշիռ և դերակատարում ունեցող կառույց է, և ես վստահ եմ, որ մեր համագործակցությունը զարգացման նոր հեռանկարներ կբացի թե՛ մեր ուսանողների, թե՛ դասախոսների համար: Ես կարծում եմ, որ մեր համալսարանի և IDeA հիմնադրամի առաքելությունները ինչ-որ իմաստով նույնն են, քանի որ մեր երկուսի նպատակն էլ Հայաստանը ավելի լավը դարձնելն է, և ամենքս մեր տեղում, մեր ծրագրերով ձգտում ենք այդ նպատակի իրականացմանը»,- հայտարարեց Ռուբեն Հայրապետյանը՝ միաժամանակ շնորհակալություն հայտնելով հիմնադրամի ղեկավարին համագործակցության պատրաստակամության համար:

Ռուբեն Հայրապետյանը նաև հույս հայտնեց, որ այս համագործակցության արդյունքները շուտով տեսանելի կլինեն, քանի որ հուշագրով նախատեսված ծրագրերը կյանքի կոչելու համար Տնտեսագիտական համալսարանում ակտիվ աշխատանքներ կիրականացվեն:

IDeA հիմնադրամի տնօրեն Րաֆֆի Պաղճեանն իր ողջույնի խոսքում հատուկ կարևորեց տնտեսագետների դերակատարությունը Հայաստանի զարգացման գործում: «Մեծ նախագծերի, ծրագրերի իրականացումն ու դրանց հաջողությունը մեծապես պայմանավորված է ոչ միայն ծրագրերի փորձառու ղեկավարների, այլ բարձրակարգ տնտեսագետների մասնակցությամբ: Մենք ուրախ ենք համագործակցել ՀՊՏՀ-ի հետ և աջակցել, որպեսզի ապագա տնտեսագետներն ստանան անհրաժեշտ փորձն ու գիտելիքներն իրենց մասնագիտական նպատակներն իրականացնելու համար: Այս համագործակցությունը կարևոր է, և մենք վստահ ենք, որ խելացի տնտեսագետներն են կառուցելու Հայաստանի ապագան»,- ասաց Րաֆֆի Պաղճեանը:

ՀՊՏՀ արտաքին կապերի բաժնի պետ Վարդ Ղուկասյանը նշեց, որ Տնտեսագիտական համալսարանի և «Հայաստանի զարգացման նախաձեռնություններ» հիմնադրամի միջև շուրջ 1 ամիս առաջ սկսվել է բանակցությունների փուլը, որը երկուստեք համագործակցության նոր հեռանկարներ է խոստանում մեր համալսարանի և՛ ուսանողների, և՛ պրոֆեսորադասախոսական կազմի համար: Նրա խոսքով՝ համագործակցությունը մի շարք ուղղություններով է և ներառում է տարբեր ծրագրերի իրագործում:

Հանդիսավոր արարողությունից հետո IDeA հիմնադրամի արտաքին հարաբերությունների գծով ղեկավար Արմեն Մինասյանը հանդես եկավ հիմնադրամի առաքելության և ծրագրերի մասին շնորհանդեսով:

ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին