ՀՊՏՀ «Нар-Хоз» թիմը հաղթական գավաթով հյուրընկալվեց համալսարանի ղեկավարին

Դիտումների քանակ՝ 1250

«Հումորի լիգա» նախագծի ուսանողական գավաթը նվաճած ՀՊՏՀ «Нар-Хоз» ՈւՀԱ թիմի անդամներին այսօր հյուրընկալեց ՀՊՏՀ ռեկտորի պաշտոնակատար Ռուբեն Հայրապետյանը:

««Нар-Хоз» թիմը ավանդաբար բոլոր հումորային լիգաներում և նախագծերում բարձր է պահել մեր բուհի պատիվը: Այս հաղթանակի առթիվ ևս շնորհավորում եմ բոլորիդ»,- ուսանողներին ասաց համալսարանի ղեկավարը և հետաքրքրվեց խաղի ընթացքով: ՈՒԽ նախագահ Հովհաննես Հարությունյանը, Ռուբեն Հայրապետյանին հանձնելով գավաթը, ներկայացրեց խաղի մանրամասները՝ նշելով, որ նախագծին մասնակցել են 8 ուսանողական թիմեր, միջոցառումը տեղի է ունեցել Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոնում:

ՈՒԽ նախագահը նշեց, որ առաջիկայում հումորային այլ ծրագրեր իրականացնելու նպատակներ ունեն, այս տարի պատրաստվում են նշել ««Нар-Хоз» թիմի առաջին հաղթանակի 20-ամյակը, ապա շնորհակալություն հայտնեց բուհի ղեկավարին աջակցության համար:

«Եվս մեկ անգամ շնորհավորում եմ ձեզ և ցանկանում եմ նշել, որ մեր համալսարանը պետք է բոլոր ասպարեզներում առաջինը լինի: Բուհի անունը տարբեր հարթակներում բարձր պահելու ձեր բոլոր ծրագրերին համալսարանը պատրաստ է աջակցել»,- ասաց Ռուբեն Հայրապետյանը:

ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին