«Շրջանավարտը` դիմորդին». Տնտեսագիտական համալսարանը նախևառաջ մարդիկ են. Աքսենյա Վարդանյան

Դիտումների քանակ՝ 4539

Սիրելի′ դիմորդ, մեր պայծառ շրջանավարտներն էլ տարիներ առաջ քեզ պես կանգնած էին բուհի և մասնագիտության ընտրության առաջ…Եվ ահա այսօր նրանք նորաթուխ մասնագետ են, հպարտ ՀՊՏՀ-ական ու մրցունակ շրջանավարտ: ՀՊՏՀ լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժինը բուհի պաշտոնական կայքում ներկայացնում է նոր` «Շրջանավարտը`  դիմորդին»  խորագիրը, որը ՀՊՏՀ-ականների շուրթերից դիմորդներին կպատմի, թե ինչու ընտրել տնտեսագիտական մայր բուհը, ինչպես նաև կներկայացնի ֆակուլտետների և մասնագիտությունների գրավչությունն ու ողջ հմայքը:

Մեր առաջին հերոսը մարքեթինգի և բիզնեսի կազմակերպման ֆակուլտետի այս տարվա գերազանցիկ շրջանավարտ, Կարմիր դիպլոմի հավակնորդ Աքսենյա Վարդանյանն է: Ամենայն անկեղծությամբ նա իր սրտի խոսքն է հղում նախ և առաջ քեզ, սիրելի′ դիմորդ:

Ապագա ժողեցի, ծանոթացի′ր ժողեցու հաջողության պատմությանը և վստա′հ եղիր, որ կանգնած ես հեղինակավոր ու մրցունակ բուհի շեմին, արի′ ժող:

«Ի՞նչ ես պատասխանել առաջին դասարանում քեզ տրված հարցին, թե ինչ ես ուզում դառնալ ՝ բժի՞շկ, արքայադո՞ւստր, իսկ գուցե մեծ մա՞րդ։ Ես արդեն չեմ հիշում, թե ինչ եմ պատասխանել այդ հարցին ու ցավոք չեմ կարող ասել, թե ինչքան եմ ես նման իմ մանկության հերոսին, բայց գիտեմ, որ մի օր, երբ հանդիպեմ վախվորված աչքերով դպրոց գնացող փոքրիկ աղջկան, որը հենց ես էի տարիներ առաջ, հպարտությամբ շնորհակալություն կհայտնեմ նրա համար, որ չէր դադարել երազել, և որ ես ՀՊՏՀ ուսանող եմ…»,-Աքսենյան այսպես է սկսում իր հաջողության պատմությունը:

Ես ՀՊՏՀ շրջանավարտ եմ

«Տնտեսագիտական համալսարանը նախևառաջ մարդիկ են.  այս տարիների ընթացքում  հանդիպել եմ  նրանցից շատերին ու պետք է նշեմ, որ  ազնիվ ու սկզբունքային մարդիկ միշտ կողքիս են եղել, թե′ համակուրսեցիներս և դասախոսները, թե′ բուհի վարչական անձնակազմը: Եվ նրանք  արել են ամենը, որ մասնագիտական գիտելիքներից զատ, մենք կերտվենք որպես անհատներ։ Ու պետք է նշել, որ 4 տարիների ընթացքում նրանց մեջ եղել են նաև կյանքիս ճանապարհի վրա ոչ դրական հետքեր թողած մարդիկ, բայց  նրանց շնորհիվ ես ավելի ուժեղ եմ դարձել։ Կներեք, եթե հիասթափեցնում եմ ձեզ` ՀՊՏՀ-ն էլ կատարյալ չէ, սակայն նրա բացառիկությունը կայանում է նրանում, որ ամեն օր համալսարանի դարպասներից ներս մտած  և մինչև ուշ գիշեր չհեռացող հազարավոր դասախոսներ և ուսանողներ անում են ամենը, որ թերությունները շտկվեն ու դառնան առավելություններ, որ ՀՊՏՀ-ն դառնա մեր երազնաքի բուհը»,-անկեղծանում է  Աքսենյան:

Ես մարքեթինգի և բիզնեսի կազմակերպման ֆակուլտետի շրջանավարտ եմ

«Այսօր ես հեռանում եմ իմ հարազատ ֆակուլտետից` նորից վերադառնալու խոստումով։ Վերադառանալու եմ, որովհետև  ստացել եմ մասնագիտական գիտելիքների մեծ պաշար, կերտվել եմ որպես անհատ ու դեռ երկար ճանապարհ ունեմ այս  բուհի հետ անցնելու։ Մասնագիտական բարձր կարողությունների տեր անձինք, դասավանդման նորագույն մեթոդներ և ուսանողների հանդեպ անմնացորդ նվիրում. այս ամենը բնորոշ է մարքեթինգին։ Բայց մի կողմ թողնելով ստացածս  գիտելիքները՝ ուզում եմ խոսել ավելի կարևորի մասին։ Մարքեթինգում ուսանող-դասախոս ոչ ֆորմալ շփումները  հիանալիորեն համատեղվում են ֆորմալ կրթական ձևերի հետ` ավելի բարձրացնելով կրթության արդյունավետությունը։ Այստեղ ուսանողներին սովորեցնում են հաղթել, բայց անգամ պարտվելու դեպքում, պարտվել արժանավայել՝ հիմք ստեղծելով նոր հաղթանակների համար։

Մեզնից յուրաքանչյուրը կյանքում սիրո և վախի միջև ընտրություն է կատարում, մեզ կամ սիրելու են, կամ մեզնից վախենալու են, ու մարքեթինգում ինձ սովորեցրին ընտրել սերը։ Ու գիտե՞ք`   կապ չունի, թե հիմա կամ տասը տարի անց մեր ինքնակենսագրականները ինչքան հարուստ կլինեն աշխատանքային փորձով կամ ոլորտի լավագույն ընկերությունների անուններով,  որովհետև  այդ ամենը մի օր կորցնելու է իր նշանակությունը ու մնալու է միայն սերը։ Ընտրե′ք սերը և ընտրեք մարթեթինգը, չէ, կներեք, սխալվեցի, ընտրեք Սեր-Մարքեթինգը…

Հ.Գ. 3-րդ փաստը չեմ մոռացել ՝ մարքեթինգը սեր է…»,-սա լավագույն ժողեցիներից մեկի խոսքն էր, որ գուցե քեզ  որոշակիորեն կօգնի, կազատի այն փոքրիկ վախերից, որոնք ունենում են բոլոր դիմորդները:

Աքսենյան ՀՊՏՀ լավագույն շրջանավարտներից է, ինչն արդեն իսկ մեծ հաջողություն է, որին նա հասել է աշխատասիրության ու համառության շնորհիվ: Եթե դու կարդում ես այս տողերը և ՀՊՏՀ դիմորդ ես, ապա մենք վստահ ենք` տարիներ անց առիթ ենք ունենալու գրել քո մասին՝ որպես լավագույն ժողեցու: ՀՊՏՀ դիմելը ընդամենը առաջին քայլն է դեպի մասնագիտական կրթության լայնահուն ճանապարհ, և մաղթում ենք, որ առաջին քայլդ վստահ լինի. քեզ բարի երթ, սիրելի′ դիմորդ:

Իսկ մենք Աքսենյային հրաժեշտ չենք տալիս, քանի որ նա չի հեռանում. ի՞նչ է` կարծում եք ՀՊՏՀ-ից հեռանալը այդքան հե՞շտ է…

Շարունակելի….

ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին