Բակալավրիատի և մագիստրատուրայի շրջանավարտները՝ ավարտական գործընթացում
Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանում ընթանում է ապրիլի 29-ից մեկնարկած 2023-2024 ուսումնական տարվա ամփոփիչ ատեստավորման գործընթացը։
Առկա բակալավրիատի կրթաձևի շրջանավարտներին մայիսի 21-ից միացել են նաև առկա մագիստրատուրայի շրջանավարտները։ Նրանք հանձնաժողովների առջև ներկայացնում են իրենց ավարտական աշխատանքներն ու մագիստրոսական թեզերը՝ ամփոփելով համալսարանական կրթության կարևորագույն տարիները։
asue.am-ը հետևում է համալսարանական այս կարևոր գործընթացին և այս հրապարակմամբ ձեզ է ներկայացնում գործընթացի լավագույն ակնթարթներն ու մեր շրջանավարտների մեկնաբանությունները, որոնք հուզիչ են և ոգևորիչ։
«Կառավարում» մասնագիտության առկա բակալավրիատի ուսանող Մարիամ Խաչատրյանը գոհ է իր բակալավրական կրթությունից, քանի որ ստացած գիտելիքը կիրառելի է։ «Շատ գոհ եմ «Կառավարում» կրթական ծրագրից, քանի որ ուսումնառության 4 տարիների ընթացքում ստացած տեսական գիտելիքները մեզ համար անչափ կարևոր էին, և մենք այժմ կիրառում ենք աշխատանքային գործունեության ընթացքում»։
Նույն մասնագիտության շրջանավարտ Արմինե Կարախանյանը ավարտական աշխատանքի պաշտպանությունից հետո մեզ հետ զրույցում նշեց․ «Պաշտպանության ընթացքում լարվածություն և հուզմունք կար, սակայն ամեն ինչ անցավ սպասվածից լավ, քանի որ հանձնաժողովի անդամները և, առհասարակ, ներկաները ապահովում էին դրական մթնոլորտ»։
«Տեղեկատվական համակարգեր» մասնագիտության առկա բակալավրիատի շրջանավարտ Լուսինե Խաչատրյանի խոսքով՝ նշված կրթական ծրագիրը ուսանողներին հնարավորություն է տալիս հավասարապես ուսումնասիրելու և՛ ծրագրավորում, և՛ տնտեսագիտություն։ «Վստահաբար կարող ենք ասել, որ այս բաժինը ավարտող ուսանողները կարող են աշխատել երկու ոլորտներում էլ։ Պաշտպանությունը անցավ բավականին հետաքրքիր, թեմաները ընտրված էին մեր կողմից և շատ հետաքրքիր էին։ Հանձնաժողովի և ուսանողների տրամադրվածությունը շատ լավ էր»,- ասաց նա։
«Ակտուարական և ֆինանսական մաթեմաթիկա» մասնագիտության առկա բակալավրիատի շրջանավարտ Արմենուհի Կնյազյանը ավարտական աշխատանքի հաջող պաշտպանությունից հետո ոգևորված էր․ «Ավարտելով ակտուարական և ֆինանսական մաթեմատիկա կրթական ծրագիրը՝ կարող եմ ասել, որ շատ գոհ եմ։ Այն լայն հնարավորություններ է ընձեռում, պատրաստում է մասնագետներ, որոնք կարող են աշխատել ֆինանսական հատվածի ցանկացած կազմակերպությունում՝ սկսած ապահովագրական ընկերություններից՝ ներառյալ բանկերը և բիզնես ձեռնարկությունները»։
«Մարքեթինգ» մասնագիտության առկա մագիստրատուրայի շրջանավարտ Անահիտ Գրիգորյանը իր շնորհակալությունը փոխանցեց ՀՊՏՀ-ին՝ մագիստրոսական լավ ծրագրի համար։ «Բակալավրական կրթությունս այլ է, իսկ մարքեթինգի ուսումնասիրությունը արդեն մագիստրատուրայում ինձ համար շատ հետաքրքիր էր։ Մեծ բավականություն եմ ստացել այստեղ սովորելով, քանի որ ինձ համար մեծ բացահայտում էր ոչ միայն մասնագիտությունը, այլև մեր դասախոսները, որոնք անչափ բարեխիղճ էին և ամեն ինչ անում էին մեզ առավելագույն գիտելիք փոխանցելու համար»։
«Բնօգտագործման տնտեսագիտություն» մասնագիտության առկա մագիստրատուրայի շրջանավարտ Ինեսա Ալեքսանյանը ոգևորված է․ «Մագիստրոսական կրթական ծրագիրը հիասքանչ էր, այնքան գիտելիք է ինձ տվել։ Երկու տարիների ընթացքում թե՛ շրջակա միջավայրի մասին, թե՛ ՀՀ-ի մասին ձեռք եմ բերել շատ տեղեկատվություն, ինչի համար շնորհակալ եմ ամբիոնի վարիչին, դասախոսական կազմին»։
Գործընթացի լավագույն կադրերը՝ ՀՊՏՀ ֆեյսբուքյան պաշտոնական էջի ֆոտոշարքում