Հայտագրման և հարցումների արդյունքներ, հաշվետվություն, փաստաթղթերի հաստատում՝ գիտխորհրդի հերթական նիստում

23.05.2024
Դիտումների քանակ՝ 277

Մայիսի 22-ին կայացավ ՀՊՏՀ գիտական խորհրդի հերթական նիստը՝ ՀՊՏՀ ռեկտորի ժ/պ, գիտական խորհրդի նախագահ Արմեն Գրիգորյանի գլխավորությամբ։ Օրակարգի հաստատումից հետո կառավարման ֆակուլտետի դեկան Մանուկ Մովսիսյանը ներկայացրեց ֆակուլտետի ուսումնագիտական աշխատանքների արդյունքների մասին հաշվետվությունը՝ ներկայացնելով ֆակուլտետի գործունեությունը բոլոր ուղղություններով։ Ի թիվս մի շարք ցուցանիշների, դեկանի խոսքից մեջբերենք հետևյալը՝ ֆակուլտետի ուսանողների թիվն անշեղորեն աճում է, առկա բակալավրիատում ուսանողների առաջադիմությունը բարձր է, հեռակա բակալավրիատում՝ ավելի ցածր, ակադեմիական կազմի երիտասարդացման գործընթացը դանդաղել է, լսարանային ֆոնդի ու հագեցվածության ուղղությամբ ցուցանիշները բարելավվել են, գիտական հրապարակումների թիվը նվազել է։ Դեկանի զեկուցումից, հարցուպատասխանից հետո գիտխորհուրդը հաշվետվությունը գնահատեց բավարար։

Այնուհետև պրոֆեսորի թափուր պաշտոնների համար հայտարարված մրցույթին մասնակցելու մասին հարցը ներկայացրեց գիտական խորհրդին կից մրցութային հանձնաժողովի նախագահ Արա Մկրտչյանը։ Գիտական խորհուրդը փակ գաղտնի և միաձայն քվեարկությամբ կառավարման ամբիոնի պրոֆեսորի պաշտոնում հաստատեց Խորեն Մխիթարյանին, բիզնես վարչարարության ամբիոնի պրոֆեսորի պաշտոնում՝ Անահիտ Մելքումյանին, հասարակագիտության ամբիոնի պրոֆեսորի պաշտոնում՝ Նազելի Սուքիասյանին։ ՀՊՏՀ ռեկտորի ժ/պ Արմեն Գրիգորյանը շնորհավորեց և արդյունավետ հետագա գործունեություն մաղթեց գործընկերներին՝ ընդգծելով, որ նրանց ավանդը և վաստակը մեծ է բուհի կյանքում։

Այնուհետև բուհի ղեկավարը ներկայացրեց ՀՊՏՀ առկա ուսուցմամբ մագիստրատուրայի 2024-2025 ուսումնական տարվա ընդունելության կանոնակարգը, գիտական խորհրդին կից գիտամեթոդական, ուսումնամեթոդական հանձնաժողովների աշխատակարգում փոփոխություն կատարելու մասին հարցերը, որոնք գիտական խորհուրդը հաստատեց։

Որակի ապահովման բաժնի պետ Կարեն Գրիգորյանը, կարիերայի կենտրոնի պետ Տաթևիկ Վարդանյանը և «Տեղեկատվական համակարգեր» կրթական ծրագրի բակալավրիատի առկա ուսուցման համակարգի 2-րդ կուրսի ուսանող Ինգա Մարտիրոսյանը ներկայացրեցին վարչական, դասախոսական կազմի և ուսանողական խորհրդի հարցումների արդյունքները։

Կարեն Գրիգորյանի ներկայացմամբ, հարցումներն անցկացվել են ՀՊՏՀ վարչական, ուսումնաօժանդակ աշխատակիցների, դասախոսների և ուսանողների շրջանում՝ նպատակ ունենալով պարզելու կազմակերպության գործունեությունից և ռեսուրսային ապահովվածությունից ներքին և արտաքին շահակիցների բավարարվածության աստիճանը, գնահատելու կարիքները։ Գրեթե բոլոր ողղություններով արդյունքները փաստում են, որ հիմնականում առկա է գոհունակություն, սակայն առկա են նաև մի շարք խնդիրներ։ Ռեկտորի ժ/պ Արմեն Գրիգորյանն ընդգծեց, որ արդյունքների ներկայացմանը կհետևեն հստակ և հասցեական գործողություններ՝ հարցումների արդյունքում վեր հանված խնդիրների լուծման կամ բարելավման ուղղությամբ։

Տաթևիկ Վարդանյանը ներկայացրեց 2023-2024 ուստարվա 2-րդ կիսամյակի փորձառության արդյունքների գնահատման նպատակով իրականացված հարցման արդյունքները։ Այս տարի փորձառությանը մասնակցել է 1310 ուսանող, որոնք ուսումնաարտադրական և գիտահետազոտական փորձառություն են անցել 162 գործընկեր կառույցներում կամ կազմակերպություններում։ Հարցմանը մասնակցել է այս տարվա փորձառություն անցած ուսանողների 75 տոկոսը։ Հարցում է իրականացվել նաև մայիսի 15-ին Աշխատանքի տոնավաճառից հետո կայացած աշխատաժողովի մասնակից-գործընկերների շրջանում, որոնք մեր ուսանողներից գոհունակության աստիճանը 1-10 գնահատման սանդղակով բավական բարձր են գնահատել՝ 7-10։ Գործընկերները նշել են՝ ՀՊՏՀ ուսանողների ակադեմիական գիտելիքներից շատ գոհ են, սակայն ավելի մեծ ակնկալիքներ ունեն փափուկ հմտություններից, ինչպիսիք են օրինակ համակարգչային գիտելիքը, օտար լեզվի իմացությունը, հաղորդակցական հմտությունները։ Բուհի ղեկավարը բարձր գնահատեց կարիերայի կենտրոնի աշխատանքը՝ ընդգծելով, որ բաժնի ամենօրյա աշխատանքի արդյունքում բարելավվում է փորձառությունների կազմակերպումը մեր համալսարանում։

Ինգա Մարտիրոսյանը ներկայացրեց ուսանողական հարցման արդյունքները՝ ընդգծելով, որ համալսարանի ներքին շահակիցների՝ ուսանողների բավարարվածությունը համալսարանի գործունեությունից և ռեսուրսային ապահովվածությունից բավականին բարձր աստիճանի է։ Ընդհանուր առմամբ, ռեսուրսային ապահովվածությունը հարցման մասնակից ուսանողների 35%-ը՝ «գերազանց», 39%-ը՝ «լավ», 18%-ը՝ «բավարար», 8%-ը՝ «անբավարար» են գնահատել։ Ուսանողները ռեսուրսային ապահովվածության խնդիրը հիմնականում տեսնում են ինտերնետ հասանելիության, սանհանգույցների վիճակի, ինչպես նաև գրադարանում ուսումնառության և մասնագիտական զարգացման համար առկա գրականության հետ կապված։ Բուհի ղեկավար Արմեն Գրիգորյանը ողջունելի համարեց ուսանողական հարցումների անցկացումը և շնորհակալություն հայտնեց ուսանողներին։

Ընդունող հանձնաժողովի նախագահ Գրիգոր Նազարյանը ներկայացրեց 2024-2025 ուսումնական տարվա առկա ուսուցմամբ բակալավրի ընդունելության հայտագրման արդյունքները, ըստ որոնց ՀՊՏՀ-ին հատկացված 76 անվճար, 1134 վճարովի տեղերի համար հայտագրվել է 1918 դիմորդ։ Գրիգոր Նազարյանի խոսքով, բոլոր մասնագիտությունների գծով առկա է բարձր մրցույթ, բացի մեկ մասնագիտությունից՝ «Բնօգտագործման տնտեսագիտությունից», որն էլ կհամալրվի թափուր մրցույթի արդյունքում։ ՀՊՏՀ ռեկտորի ժ/պ Արմեն Գրիգորյանը ևս կարևորեց արդեն որերորդ տարին ՀՊՏՀ ընդունելության տպավորիչ արդյունքները՝ ոչ միայն բացարձակ թվերի աճով, այլև բովանդակային ձեռքբերումներով։

Նիստի օրակարգային վերջին՝ Scopus և Web of Science գիտատեղեկատվական շտեմարաններում ընդգրկված ամսագրերում հրապարակումների մասին հարցին ևս անդրադարձավ բուհի ղեկավարը՝ կարևորելով և հստակ ուշադրություն հրավիրելով վերը նշված ամսագրերում հրապարակումների ապահովման խնդրին։

Նշենք, որ հաստատումից հետո գիտխորհրդի բոլոր փաստաթղթերը հրապարակվում են ՀՊՏՀ պաշտոնական կայքում։