ՀՊՏՀ Գյումրու մասնաճյուղում մեկնարկել է Սպիտակի երկրաշարժի տարելիցին նվիրված գիտաժողով

Դիտումների քանակ՝ 2230

ՀՊՏՀ Գյումրու մասնաճյուղում այսօր մեկնարկել է «Աղետի գոտուց զարգացման գոտի… անցյալի դասերը և ժամանակի մարտահրավերները» առաջին միջազգային գիտաժողովը՝ նվիրված 1988թ. Սպիտակի երկրաշարժի տարելիցին: Գիտաժողովի գործընկերների կազմն է՝ Գյումրու գիտության և մշակույթի կենտրոն, Գյումրու քաղաքապետարան, ՇՊՀ, Գ.Վ. Պլեխանովի անվան Ռուսաստանի տնտեսագիտական համալսարան:

Միջազգային գիտաժողովին բացման խոսքով հանդես են եկել ՀՊՏՀ ռեկտորի պաշտոնակատար Դիանա Գալոյանը, Գյումրու մասնաճյուղի տնօրենի պաշտոնակատար Կարեն Պետրոսյանը: Ողջույնի խոսքով հանդես են եկել նաև Շիրակի մարզպետ Տիգրան Պետրոսյանը, Գյումրու փոխքաղաքապետ Հայկ Սուլթանյանը, ՀՀ Աժ պատգամավոր Նազելի Բաղդասարյանը, Գ.Վ. Պլեխանովի անվան Ռուսաստանի տնտեսագիտական համալսարանի ֆինանսական կառավարման ամբոնի պրոֆեսոր, տնտեսագիտության դոկտոր Ալեքսանդրա Լեշինսկայան, ՇՊՀ ռեկտորի պաշտոնակատար Երվանդ Սերոբյանը և Գյումրու գիտության և մշակույթի ռուսական կենտրոնի աշխատակից Հասմիկ Թադևոսյանը:

Շնորհակալություն հայտնելով Գյումրու մասնաճյուղում առաջին միջազգային գիտաժողովի կազմակերպման աջակիցներին՝ ՀՊՏՀ ռեկտորի պաշտոնակատար Դիանա Գալոյանը կարևորել է նախաձեռնությունը՝ ընդգծելով, որ կարևորը մարզի մասին ընկալումը փոխելն է. «Շիրակի մարզը ոչ թե աղետի գոտի է, այլ՝ զարգացման»: Իսկ մարզի զարգացման համար, ՀՊՏՀ ղեկավարի խոսքով, կարևոր է նաև ակադեմիական շրջանակների դերը: Հենց այդ համատեքստում Դիանա Գալոյանը մատնանշել է ՀՊՏՀ «Ամբերդ» հետազոտական կենտրոնի և Շիրակի մարզպետարանի համագործակցությունը՝ հայտնելով, որ այն ուղղված է մարզի զարգացմանը՝ բոլոր ուղղություններով:

Մասնաճյուղում ընթացող գիտաժողովի մասին մանրամասներ կհաղորդենք առաջիկայում:

ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին