ՀՊՏՀ-ն՝ «Կրթություն և կարիերա էքսպո-2021»-ի մասնակից

28.04.2021
Դիտումների քանակ՝ 1032

«Երևան Էքսպո» ցուցահանդեսային համալիրում այսօր բացվեց «Կրթություն և կարիերա էքսպո-2021» 20-րդ հոբելյանական միջազգային մասնագիտացված ցուցահանդեսը, որին մասնակցում էին հայաստանյան և արտասահմանյան տասնյակից ավելի բարձրագույն, միջին մասնագիտական և արհեստագործական ուսումնական հաստատություններ, ուսումնական կենտրոններ:

Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի՝ համալիրի երկրորդ հարկում տեղակայված տաղավարը ներկայացված է լավագույնս (առաջիկա օրերին այցելուներն առիթ կունենան դրանում համոզվելու). գունեղ ու ստեղծարար լուծումներով պաստառը, բուհի հրատարակությունների ընտրանին, գովազդային գրքույկները, բուհի մասին տեսահալովակները և վիրտուալ տուրը, ՀՊՏՀ շարունակական կրթության բաժնի աշխատակիցների, ուսանողական խորհրդի ներկայացուցիչների խորհրդատվական և ուղղորդող տեղեկատվությունը այցելուին ներգրավում են ու մասնակից դարձնում Հայաստանի տնտեսագիտական մայր համալսարանի հետ հաճելի և օգտակար ծանոթության:

Բացման արարողությունը մեկնարկեց ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Կարեն Թռչունյանի այցով: Անցնելով ներկայացված տաղավարներով՝ առաջիններից մեկը նա կանգ առավ մեր համալսարանի տաղավարի մոտ և ծանոթացավ համալսարանի թարմացված կրթական ծրագրերին:

Ցուցահանդես այցելեց նաև ՀՊՏՀ ռեկտոր Դիանա Գալոյանը: Նա զրուցեց մեր տաղավարի այցելուների, դիմորդների հետ, ապա շրջայց կատարեց գործընկեր համալսարանների, կրթական հաստատությունների և կենտրոնների տաղավարներով:

Այցելուների մեծ մասը հետաքրքրված ու հարցասեր դպրոցականներ էին, որոնք կանգ էին առնում ՀՊՏՀ տաղավարի մոտ և սպառիչ տեղեկություն ստանում ՀՊՏՀ կրթական ծրագրերի, վարձավճարների, համալսարանական գիտակրթական միջավայրի, ձեռքբերումների, ընդունելության գործընթացի վերաբերյալ: Այցելուները նաև հնարավորություն էին ստանում գրանցվելու՝ ապրիլի 30-ին համալսարանի ֆեյսբուքյան էջում կայանալիք խաղարկությանը մասնակցելու համար, որի ընթացքում հաղթողներին սպասվում են ՀՊՏՀ բրենդային ձևավորմամբ նվերներ:

Սիրով տեղեկացնում ենք, որ ցուցահանդեսը շարունակվելու է ապրիլի 29-ին և 30-ին, այն հագեցած է լինելու նաև շնորհանդեսներով, ճանաչողական միջոցառումներով, որոնք տեղի կունենան ցուցահանդեսային համալիրի միջոցառումների սրահում: Մանրամասները կարող եք տեսնել ակտիվ հղումներով։

ՀՊՏՀ մարքեթինգի և հասարակայնության հետ կապերի բաժին