Ինչպե՞ս ապահովել ՐԻՖԱՅՆ ծրագրի կայունությունը. քննարկում են շահակիցները
«Ֆինանսների մագիստրոսական ծրագրերի բարեփոխում Հայաստանում և Մոլդովայում» (ՐԻՖԱՅՆ) նախագծի շրջանակում այսօր աշխատանքային հերթական հանդիպումն էր՝ համալսարանի դասախոսների, ուսանողների և աշխատակիցների մասնակցությամբ: Նպատակն էր քննարկել ընթացիկ ծրագրի կայունությունն ապահովող գործոնները՝ ըստ այդմ հետագայում միջոցառումներ ձեռնարկելու համար:
Ներկա էին Ֆինանսների ամբիոնի վարիչ, տ.գ.դ., պրոֆեսոր Աշոտ Սալնազարյանը, վիճակագրության ամբիոնի վարիչ, տ.գ.թ., դոցենտ Արմեն Քթոյանը:
Արտաքին կապերի դեպարտամենտի միջազգային կապերի բաժնի աշխատակից Արփինե Ջրաղացպանյանը զեկուցեց ՐԻՖԱՅՆ-ի նպատակների, գործընկեր բուհերի, ծրագրում ՀՊՏՀ դերակատարման մասին: Այնուհետև ծավալվեց քննարկումը, կարծիքներ հայտնեցին թե' դասախոսները, թե' ուսանողները:
Միջազգային կապերի բաժնի գլխավոր մասնագետ Մարգարիտ Մարուքյանը մեզ հետ զրույցում հայտնեց, որ հաջորդ հանդիպմանը նախագծով օտարերկրյա համալսարաններում վերապատրաստված ՀՊՏՀ դասախոսները հաշվետվություն կներկայացնեն, ևս մեկ հանդիպում նախատեսվում է սեպտեմբերին:
ՐԻՖԱՅՆ-ի մասին ավելին՝ ՀՊՏՀ պաշտոնական կայքի «Միջազգային ծրագրեր» խորագրում:
Ծրագիրը մեր բուհում համակարգում է միջազգային կապերի բաժինը:
ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին