Միջբուհական գործընկերություն. ՀՊՏՀ դասախոսն այցելել է Կրակովի տնտեսագիտական համալսարան

Դիտումների քանակ՝ 2497

«Ժամանակային շարքերի վերլուծություն և կանխատեսում», «Մեքենայական ուսուցման մեթոդներ» (Machine Learning) արդիական թեմաների շուրջ ՀՊՏՀ տնտեսամաթեմատիկակական մեթոդների ամբիոնի ասիստենտ, տ.գ.թ. Եվգենյա Բազինյանը մայիսի 20-24-ը դասախոսել է Կրակովի (Լեհաստան) տնտեսագիտական համալսարանի վիճակագրության և ինֆորմատիկայի ֆակուլտետներում՝ միջազգային խմբերում: Արտասահմանյան այցը «Էրազմուս+» ծրագրով էր և հիմնական նպատակից բացի ծառայել է նաև միջբուհական գործընկերության խորացմանը և շարունակականությանը: Ինչպես մեզ հետ զրույցում հայտնեց Եվգենյա Բազինյանը, վիճակագրության ինստիտուտի տնօրեն Անդրեյ Սոկոլովսկին իրեն հրավիրել է մասնակցելու Կրակովի տնտեսագիտական համալսարանում առաջիկայում տեղի ունենալիք գիտաժողովին: Համագործակցությանն առնչվող քննարկումներ են եղել նաև միջազգային կապերի բաժնի աշխատակիցների հետ:

«Յուրաքանչյուր արտագնա այցի ժամանակ համոզվում եմ, որ որքան էլ կարևոր է նորին հաղորդակցվելը, նորը վերցնելը, կարևոր է նաև մեր կրթական մշակույթը վերագնահատելը, որովհետև, իսկապես, մենք փոխանցելու շատ բան ունենք, թե' ուսումնակազմակերպական գործընթացի, թե' բուհական կրթության այլ բաղադրիչների առումով: Ընդգծեմ, որ միջազգային խմբի ուսանողների կողմից հավանության արժանացավ մեր դասավանդման այն մեթոդը, որը 1 դասում տեսական և գործնական մասերի զուգացումն է»,-ասաց Եվգենյա Բազինյանը:

Մեր գործընկերը նշեց նաև, որ Կրակովի տնտեսագիտական համալսարանում հանդիպել է «Էրազմուս+» ծրագրով այնտեղ ուսումնառող ՏԿ և ՄՏՀ ֆակուլտետի մագիստրոս Ժասմին Շահբազյանին: «Ցանկանում եմ հատուկ նշել, որ մեր ուսանողուհին այնտեղ փայլուն է սովորում, տվյալ համալսարանում նրա մասին շատ բարձր կարծիք ունեին: Բացի դա, մեր ուսանողուհին նշեց, որ ՀՊՏՀ-ում ստացած գիտելիքները իր համար շատ ամուր հիմք են, ինչում ինքը համոզվել է արտերկրում սովորելիս»,- ասաց Եվգենյա Բազինյանը:

«Էրազմուս+» ծրագիրը ՀՊՏՀ-ում պատշաճ համակարգելու, անհրաժեշտ խորհրդատվություն տրամադրելու համար դասախոսը իր երախտագիտությունն է հայտնում համալսարանի արտաքին կապերի դեպարտամենտի միջազգային ծրագրերի բաժնի աշխատակիցներին:

ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին