ՈՒԳԸ-ականների առաջարկով ՀՊՏՀ-ում դասախոսությամբ հանդես եկավ Հրանտ Բագրատյանը (լուսանկարներ)

Դիտումների քանակ՝ 3311

ՀՊՏՀ ուսանողական գիտական ընկերության գործունեության շրջանակում մեկնարկում է դասախոսությունների շարք, որի ընթացքում տնտեսական արդիական թեմաներով ՀՊՏՀ-ում բանախոսելու են անվանի տնտեսագետներ, ոլորտի փորձառու մասնագետներ: Նախաձեռնության սկիզբը նշանավորվեց տնտեսագետ, նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանի հետ հանդիպմամբ, ով դասախոսություն կարդաց «Գլոբալ մարտահրավերները և Հայաստանը» թեմայի շուրջ: Մասնակցում էին ՀՊՏՀ ռեկտորի պաշտոնակատար Դիանա Գալոյանը, ուսումնական աշխատանքների գծով պրոռեկտոր Արմեն Գրիգորյանը, «Ամբերդ» հետազոտական կենտրոնի տնօրեն Դավիթ Հախվերդյանը, պրոֆեսորադասախոսական կազմի անդամներ, աշխատակիցներ, ասպիրանտներ ու ուսանողներ: Դիանա Գալոյանը ողջույնի խոսքում ասաց, որ ՈւԳԸ շրջանակում կազմակերպվող դասախոսությունների հյուրերին ընտրում են ուսանողները, և Հրանտ Բագրատյանը՝ hանրապետության լավագույն տնտեսագետներից մեկը, բուհում է հենց ՈւԳԸ-ականների ցանկությամբ:

Հրանտ Բագրատյանի հագեցած դասախոսությունը համակողմանի ակնարկ էր մեգաէկոնոմիկայի, քաղաքակրթությունների, տնտեսագիտության էվոլյուցիայի վերաբերյալ, հանգամանալից անդրադարձ համաշխարհային տնտեսության խճանկարում Հայաստանի տնտեսական պատկերին, նրա առջև ծառացած մարտահրավերներին, զարգացման հեռանկարներին: Քննարկվող թեմայի շրջանակում Հրանտ Բագրատյանը հանդես եկավ տնտեսական վերլուծություններով՝ համաշխարհային տնտեսական միտումները դիտարկելով նաև աշխարհաքաղաքական շահերի տեսանկյունից: Խոսվեց աշխարհի առաջատար տերությունների քաղաքական ու տնտեսական շահերի հատվող կետերի, այս համատեքստում Հայաստանի և մեր տարածաշրջանի դիրքի մասին:

Երկու ժամից ավելի տևած ուշագրավ ելույթի ավարտից հետո ունկնդիրները ծափահարեցին, ապա հարցուպատասխան ծավալվեց:

Եզրափակելով հանդիպումը՝ Դիանա Գալոյանը նշեց, որ սա այն բացառիկ դասախոսություններից էր, որում միահյուսված էին ակադեմիական գիտելիքը, գործնական և անձնական փորձն ու հումորը:

ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին