Պրակտիկ հմտությունների ներդրման հերթական հնարավորությունը՝ այս անգամ ֆինանսական հաշվառման ամբիոնում
ՀՊՏՀ ֆինանսական հաշվառման ամբիոնը դիմել է Պետական եկամուտների կոմիտեին «Հաշվապահական հաշվառում և հարկում» մասնագիտության շրջանակներում դասավանդվող «Հարկային հաշվետվությունների կազմում» առարկայի գծով ուսանողների ուսումնական գործընթացը կազմակերպելու նպատակով File-Online համակարգի թեստային տարբերակը տրամադրելու խնդրանքով: Այս մասին լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժնին հայտնեց ամբիոնի վարիչ, տ.գ.թ., դոցենտ Ալվարդ Սարգսյանը՝ հավելելով, որ այս առիթով ՊԵԿ-ի հետ ՀՊՏՀ-ն վերջերս կնքել է համաձայնագիր, համակարգն արդեն տրամադրվել է:
Այսօր «Հաշվապահական հաշվառում և հարկում» մասնագիտության 4-րդ կուրսի բոլոր խմբերում «Հարկային հաշվետվությունների կազմում» առարկայի դասին առաջին անգամ փորձարկվեց համակարգը:
Ամբիոնի վարիչի խոսքով՝ տվյալ համակարգը շատ մեծ կարևորություն ունի ուսանողներին պրակտիկ հմտություններ հաղորդելու հարցում: «Բոլոր կազմակերպություններն այս համակարգով են աշխատում և հիմա հնարավոր կլինի մեր ուսանողներին էլ այն հասանելի դարձնել և «Հարկային հաշվետվությունների կազմում» առարկան շատ գործնական հիմքի վրա սովորեցնել ուսանողներին»,- ասաց Ալվարդ Սարգսյանը:
Ամբիոնի դասախոս Էլեն Ավալյանը մեզ հետ զրույցում մանրամասնեց, որ հաշվետվությունների ներկայացման էլեկտրոնային համակարգը պարզեցնում է հարկային հաշվետվությունների ներկայացման գործընթացը։ «File-Online համակարգի թեստային տարբերակի ձեռքբերումը ուսանողներին հնարավորություն կտա գործնականում տեսնել և հասկանալ գործող կազմակերպությունների մոտ հարկային հաշվարկ-հաշվետվությունների և այլ հաշվետվական ձևերի կազմման ընթացքում առաջացող հնարավոր խնդիրները և դրանց լուծումները»,- ասաց նա։
Ամբիոնի ասիստենտ Ռաֆայել Զաքարյանը նախ նշեց, որ առարկայի ներդրման գործում մեծ է եղել ամբիոնի վարիչ Ալվարդ Սարգսյանի ներդրումը, ապա հավելեց, որ File-Online համակարգի թեստային տարբերակով ուսուցումը ուսանողներին շատ գործնական գիտելիքներ կհաղորդի հարկային հաշվետվությունների կազմման գործում: «Հաշվի առնելով, որ այս համակարգով աշխատում են ինչպես պետական, այնպես էլ մասնավոր կազմակերպությունները, ապա կարելի է ասել, որ այս գիտելիքների փոխանցումը ուսանողներին նրանց շատ մրցունակ կդարձնի աշխատաշուկայում: Եվ այս առիթով նրանք շատ ոգևորված են»,- ասաց Ռաֆայել Զաքարյանը:
ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին